Ո՞վ կամ ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը Վենետիկի 55-րդ բիենալեում
Նախօրեին լրացել է Վենետիկի 55-րդ բիենալեին Հայաստանի մասնակցության հայեցակարգի և հայկական տաղավարի բովանդակային ձևավորման առաջարկների ընդունման երկարաձգված ժամկետը: Ընդհանուր առմամբ ներկայացվել է 4 հայտ:
Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության առաջատար մասնագետ Ջուլիետա Հակոբյանը:
Նա նաև հայտնեց, որ այսօր կայանալու է փորձագիտական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում էլ պարզ կդառնա, թե ով կամ ովքեր են ներկայցնելու Հայաստանը Վենետիկի 55-րդ բիենալեում:
Առաջարկները քննարկելու համար ստեղծված փորձագիտական հանձնաժողովն ունի հետևյալ կազմը` Սեյրանուհի Գեղամյան (ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ), Նազարեթ Կարոյան- («ԱԻԿԱ-Հայաստան» Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ), Ռուբեն Արևշատյան («ԱԻԿԱ-Հայաստան» Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի հիմնադիր անդամ), Լիլիթ Սարգսյան (արվեստի քննադատ, անկախ համադրող), Սուսաննա Գյուլամիրյան (Արվեստի և մշակութային հետազոտությունների լաբորատորիայի նախագահ):
Հիշեցնենք, որ նախարարությունը վերջնաժամկետը սահմանել էր մինչև 2012 թ. դեկտեմբերի 15-ը: Սակայն արվեստաբանները, արվեստի քննադատաները, արվեստագետները դժգոհություն էին արտահայտել, որ ժամանակը քիչ էր ու իրենք չէին հասցնի մինչև վերջնաժամկետը ըստ պատշաճի ներկայացնել նախագիծը, ընդհանրապես մասնակցությունը համարելով «անիմաստ»: Այդ իսկ պատճառով նախարարությունը երկրաձգեց հայտերի ընդունման վերջնաժամկետը:
Վենետիկի 55-րդ բիենալեն անցկացվելու է հունիսի 1-ից նոյեմբերի 24-ը: Այն «Հանրագիտարանային պալատ» ընդհանուր խորագիրը, որն, ըստ էության, երևակայական պալատ է, որտեղ ներկայացվելու են մարդկության կարևորագույն գյուտերը` անիվից մինչև արբանյակ, անցյալի ու ներկայի, հնի և նորի համադրությամբ:
1895թ. հիմնադրված ժամանակակից արվեստի համաշխարհային ամենահեղինակավոր այդ ստուգատեսին Հայաստանը մասնակցում է 1995 թվականից: 1995-2009թթ. հայկական տաղավարը ներկայացրել է «Նորարար փորձառական արվեստի կենտրոնի» (ՆՓԱԿ) հիմնադիր Էդուարդ Պալասանյանը: 2011-ի` 54-րդ բիենալի հայկական տաղավարի կոմիսար եղել է Վիկտոր Մնացականյանը:
Նախորդող նորություններ` Ամեն ինչ դեռ կորած չէ… Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Հնարավոր է Հայաստանը չմասնակցի Վենետիկի 55-րդ բիենալեին
Մշակույթի նախարարությունը նախապատրաստվում է Վենետիկի 55-րդ բիենալեին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները