ԱՊՀ երկրներից հայտնի մտավորականներ, լրագրողներ, դերասաններ ու մարզիկներ են ժամանել Հայաստան
Հայաստանում են հայտնի մտավորականներ, լրագրողներ, դերասաններ ու մարզիկներ, ինչպիսիք են Միխայիլ Շվիդկոյը, Իրինա Ռոդնինան, Լևոն Օգանեզովը, Դմիտրի Խառատյանը, Նիկոլայ Սվանիձեն, Եվգենի Պետրոսյանը, Ելենա Ստեպանենկոն և այլոք:
Նրանք Հայաստան են եկել Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի պատվիրակության հետ:
Այսօր հիմնադրամի պատվիրակությունը կայցելի Մատենադարան՝ ծանոթանալու ձեռագրատան ցուցադրություններին: Այնուհետև Մատենադարանի գիտական նիստերի դահլիճում տեղի կունենա պատվիրակության հանդիպումը Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, որի ընթացքում կքննարկվեն ԱՊՀ տարածաշրջանում մշակութային համագործակցության նոր հնարավորություններն ու հեռանկարները, ինչպես նաև անդրադարձ կլինի Գյումրին ՝ 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու ծրագրին:
Նշենք, որ մշակույթի նախարարության տեղեկացմամբ, նախօրեին պատվիրակության անդամները Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ մեկնել էին Գյումրի, հանդիպել «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի մարզային և քաղաքային պատասխանատուների հետ, այնուհետև՝ «Ձիթողցաց տուն»:
2012 թ. դեկտեմբերի 5-ին Աշխաբադում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հաստատվել է մինչ այժմ «պիլոտային ռեժիմով» իրականացվող «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» ծրագիրը: Նույն օրը նաև որոշում է ընդունվել «Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հայտարարելու մասին: Նշենք, որ «պիլոտային ռեժիմով» 2011 թ-ին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ են հայտարավել Գոմելը (Բելառուս) և Ուլյանովսկը (ՌԴ), իսկ 2012 թ-ին՝ Աստանան (Ղազախստան) և Մառին (Թուրքմենստան): ԱՊՀ մշակութային մայրաքաղաքների ընտրությունը կատարվում է ռուսերեն այբուբենի այբբենական կարգով՝ ըստ հերթականության յուրաքանչյուր պետություն առաջադրում է երկրի մայրաքաղաք չհանդիսացող մեկական քաղաք: Սույն սկզբունքով 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ են հռչակվել Հայաստանի Գյումրի, Բելառուսի Մոգիլյով և Ադրբեջանի Գաբալա քաղաքները:
Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) և Հումանիտար համագործակցության խորհրդի (ՀՀԽ) նախաձեռնությամբ, վերոնշյալ ծրագրի դրույթների հստակեցման և իրականացման ուղղությամբ մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով է Հայաստան ժամանել ՀՀՄՀ 24 հոգուց բաղկացած պատվիրակությունը, որի կազմում են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի մշակույթի, սպորտի, կրթության, գիտության անվանի գործիչներ և լրագրողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան