Ստամբուլահայ նշանավոր լուսանկարիչ Արա Գյուլերը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով
Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանում Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ստամբուլահայ նշանավոր լուսանկարիչ Արա Գյուլերին է հանձնել Հայաստանի մշակույթի նախարարության Ոսկե մեդալը և մշակույթի նախարարի նամակ-ուղերձը: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:
Հանդիսավոր արարողությանը ներկա Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ) ՀՀ մշտական ներկայացուցիչ Միքայել Վարդանյանը և Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը հանդես են եկել ելույթներով՝ կարևորելով 84-ամյա վարպետի վաստակը հայության և ողջ մարդկության համար:
Հիշեցնենք, որ 2012 թ. նոյեմբերի 10-ին Երևանի «Ակադեմիա» պատկերասրահում բացվել էր լուսանկարիչ Արա Գյուլերի հայաստանյան թեմայով աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված էր Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի 100-ամյակին:
Արա Գյուլերը ծնվել է 1928 թ. օգոստոս 16-ին, Ստամբուլում: 1961 թ. ավարտել է զինվորական ծառայությունը և աշխատանքի անցել «Հայաթ» թերթում` գլխավորելով լուսանկարչական բաժինը: 1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում: 1970-ականներին լուսանկարել է այնպիսի հեղինակավոր դեմքերի, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալլասը, Ջոն Բերգերը, Բերնարդ Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլոք: 1975 թ. նկարահանել է «Հերոսի վերջը» վավերագրական ֆիլմը: 2004 թ. Ստամբուլի Տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր է: Գյուրերը համարվում է Թուրքիայում ֆոտոնկարչության հիմնադիրը, ինչի համար էլ ստացել է «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» անունը:
1961 թ. Անգլիայում լույս տեսնող «British journal of Photography Year book»-ը նրան ճանաչել է աշխարհի ամենալավ 7 լուսանկարիչներից մեկը: 1962 թ. Գերմանիայում վաստակել է «Master of Leica» տիտղոսը: Պարգևատրվել է ֆրանսիական «Legion d’ honneur», 2005թ.` թուրքական «Grand prize of culture and art», 2009թ.` Նյու Յորքի «Lucie Award» մրցանակներով: 2004թ-ից Ստամբուլի Տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր է: Նա 800.000 լուսանկարների հեղինակ է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան