Թանահատի վանքը կործանման եզրին է… «հսկում» է մշակույթի նախարարությունը
Սյունիքի մարզի Արևիս գյուղի մոտ գտնվող 5-6-րդ դարերով թվագրվող Թանահատի վանքը կանգնած է կործանման եզրին: Տասնամյակներ շարունակ պետության կողմից պահպանվող մշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված ճարտարապետական հուշարձանը կիսավեր վիճակում է. եթե 30 տարի առաջ գոնե մեկ կանգուն կամար կար, այսօր այն արդեն չկա. ընդամնեը երեք կիսավեր պատեր են մնացել ու թափված քարեր:
Եկեղեցու վերջնական կործանման մասին ահազանգում է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը: Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հասմիկ Հախվերդյանը, ի պատասխան Panorama.am-ի հարցին, թե հուշարձանը մշակույթի նախարարությա՞ն հսկողության տակ է գտնվում, թե՞ տրված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, ասաց, որ իրենց հսկողության տակ է: Փորձեցինք պարզել նաև` թե հուշարձանների պահպանությամբ զբաղվող թիվ մեկ մարմինը տեղյա՞կ է, որ հուշարձանը կործանվում է, ի՞նչ աշխատանքներ են կատարում կամ կատարելու: Սակայն այսօր հնարավոր չեղավ, քանի որ նախարարության աշխատակիցները դեռ պետք է աշխատեն այս հարցերի պատասխանների վրա, ասում է Հասմիկ Հախվերդյանը:
Պատմական ակնարկ, ըստ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի.
5-6-րդ դարերի հայկական ճարտարապետական հուշարձան, Սյունիքի նշանավոր վանական համալիր, գտնվում է Արևիս գյուղից հյուսիս, լեռնային բարձրադիր, տափարակ վայրում: Վանքի հիմնադրումը վերագրվում է 5-6-րդ դարերին: Ղևոնդ Ալիշանը ենթադրում է, որ Թանահատի տեղում հեթանոսական շրջանում գոյություն է ունեցել Անահիտ աստվածուհու մեհյանը:
Գլխավոր եկեղեցին կոչվում է սբ Ստեփանոս նախավկա: Այն դրսից ու ներսից սրբաշատ, խոշոր կարմրավուն քարից կառուցված բազիլիկ շինություն է, բեմահարթակը տանիքի կողմից երիզված է եղել բեմահարթակով, որի վրա հենվել է տանիքի մի մասը: Եկեղեցին ունեցել է սրահ և ավանդատուն: Սյունասրահի խոյակները զարդարված են շուշանածաղիկներով: Վանքին կից պահպանվել է գերեզմանատունը խաչքարերով ու տապանքարերով: Դրանցից մեկի վրա հազիվ նշմարվում են հայերեն եղծված գրեր:
1975թ. Թանահատի ավերակներում հայտնաբերվել է ուրարտերեն սեպագիր արձանագրություն փորագրված բազալտե քարակոթողի երկու երեսին, որից մեկում քրիստոնեական շրջանում տաշվել և տեղում խաչ է քանդվել: Թանահատը ներկայումս կիսավեր վիճակում է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան