«Հանգիստ ռոքերները Հայաստանից». «Դորիանսի» առաջին փորձը կայացել է (լուսանկարներ)
«Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբն այսօր առաջին փորձն է անցկացրել մրցույթի համերգասրահում՝ Շվեդիայի Մամլո քաղաքի «Արենայում»: Այս մասին գրված է մրցույթի պաշտոնական կայքում, որտեղ հայկական խումբը բնորոշված է որպես՝ «Հանգիստ ռոքերները Հայաստանից»:
«Մենք չենք նյարդայնանում, մենք հաճույք ենք ստանում այստեղ տիրող մթնոլորտից և անհամբեր սպասում ենք, թե երբ ենք դուրս գալու բեմ»,-նախքան բեմ դուրս գալը ասել են տղաները: Երբ նրանք մտել են համերգասրահ, բեմի վրա են դրել իրենց հագուստները և սկսել են պատրաստել իրենց երաժշտական գործիքները: «Սա մեզ համար սովորական է, մենք միշտ կենդանի երաժշտությամբ ենք հանդես գալիս»,- նշել են տղաները:
Ելույթի ժամանակ բեմը մութ է եղել՝ առկայծել են լույսեր: Հիշեցնենք, որ օրեր առաջ կայացած մամուլի ասուլիսում Եվրատեսիլում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ասել էր, որ խմբի ելույթի ժամանակ պարային մաս չի լինելու, հատուկ դեկորացիաներ չեն լինելու, շոուն լինելու է մինիմալիստական:
Նշենք, որ «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթը կայանալու է մայիսի 14-18-ը Շվեդիայում: Մրցույթում «Դորիանսը» կատարելու է Lonely Planet երգը, որի երաժշտության համահեղինակն է բրիտանացի լեգենդար ռոք-երաժիշտ, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին է: Երգի բառերը գրել է Վարդան Զադոյանը:
Լուսանկարները՝ մրցույթի պաշտոնական կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում