Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են
Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված միջոցառումներն արդեն մեկնարկել են: Առաջիկայում ևս սպասվում են հետաքրքիր միջոցառումներ: Այս մասին ասուլիսում ասաց Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան եռյակի դաշնակահարուհի, կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերին անցկացվելու է «Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը» խորագրով գիտաժողով: Այն կազմակերպվում է մշակույթի նախարարության աջակցությամբ: Արդեն ստացվել են հայտերի Ռուսաստանից և Մերձբալթյան երկրներից:
Ա. Գրիգորյանը նաև հայտնեց, որ «Ոսկե ծիրան» երևանյան 10-րդ կինոփառատոնի շրջանակներում կայանալու է Արամ Խաչատրյանի երաժշտությամբ ֆիլմերի ցուցադրում:
Առաջիկա ամսվա ընթացքում Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի հրավերով Հայաստան է այցելելու Ա. Խաչատրյանի աշակերտներից Գերոգի Սպելեցիսը: Հեղինակային երեկոյի ընթացքում նա կատարելու է իր ստեղծագործությունները, պատմելու է հուշեր:
Միջոցառումներից մեկի ընթացքում հնչելու է կոմպոզիտորի բոլոր սոնատները՝ գրված դաշնամուրի, ջութակի, թավջութակի և ալտի համար: Կատարելու են Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտները, հրավիրված է լինելու ակտահար Մաքսիմ Նովիկովը: Ա. Գրիգորյանն ասաց, որ լինելու է նաև երկու ստեղծագործության պրեմիերա. «Մենք գիտենք, թե Արամ Խաչատրյանի ամբողջ ժառանագությունը ճանաչում ենք: Բայց կան ստեղծագործխություններ, որոնք նոր են կատարավում:
Ա. Գրիգորյանն ասաց, որ արտերկրում նույնպես կազմակերպվելու են միջոցառումներ՝ նվիրված Արամ Խաչատրյանի 110 ամյակին:
Արամ Խաչատրյանը ծնվել է 1903 թվականի հունիսի 6-ին Թիֆլիսում: 10 տարեկանում ընդունվում է Թիֆլիսի առևտրական տեխնիկում, որտեղ փողային նվագախմբում շեփոր էր նվագում: 1921 թվականի աշնանը արդեն ճանաչված արվեստագետ դարձած Սուրեն Խաչատրյանը կրտսեր եղբորը տանում է Մոսկվա` ուսում ստանալու, ընդունվում է Գնեսինների երաժշտական տեխնիկում, որտեղ թավջութակի դասարանում երկու տարի սովորելուց հետո, իր ուսուցիչ Գնեսինի խորհրդով, տեղափոխվել է ստեղծագործական դասարան: 1929 թ-ին Ա. Խաչատրյանը ավարտում է Գնեսինների ուսումնարանը և ընդունվում Մոսկվայի կոնսերվատորիայի նախ` Մ. Գնեսինի, ապա` Ն. Մյասկովսկու ստեղծագործական դասարանը: Անվանի կոմպոզիտոր և հիանալի մանկավարժ Ն. Մյասկովսկու ղեկավարությամբ Ա. Խաչատրյանը գրում է իր «Ջութակի և դաշնամուրի սոնատը», «Դաշնամուրի, ջութակի և կլարնետի տրիոն», «Պարային սյուիտը», «Տոկատը» և այլ գործեր: Կոնսերվատորիան ավարտելիս, որպես դիպլոմային աշխատանք Ա. Խաչատրյանը գրել է իր Առաջին սիմֆոնիան, որը նվիրել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 15-ամյակին: 1940 թվականին Ա. Խաչատրյանը գրել է իր Ջութակի կոնցերտը` նվիրված տաղանդավոր ջութակահար Դավիթ Օյստրախին, որի համար ստացել է իր առաջին Պետական մրցանակը: 1941 թվականին ստեղծվել է Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը:
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ծնվել են նոր գործեր` պատերազմական թեմաներով երգեր, «Գայանե» բալետը Երկրորդ սիմֆոնիան, որոնց նույնպես կոմպոզիտորին շնորհվեցին Պետական մրցանակներ: 1944 թ. նա գրեց Խորհրդային Հայաստանի Պետական հիմնը:1956 թ. Լենինգրադի Կիրովի անվ. օպերայի և բալետի թատրոնում կայացել է «Սպարտակ» բալետի պրեմիերան: 1959 թ. «Սպարտակ» բալետի համար Ա. Խաչատրյանին շնորհվել է Լենինյան մրցանակ:
Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները իրենց ուրույն տեղն են գրավել համաշխարհային դասական երաժշտության գանձարանում և մեծ ժողովրդայնություն են վայելում ամբողջ աշխարհում: Նրա ստեղծագործությունները հոգեհարազատ և հասկանալի են աշխարհի բոլոր ժողովուրդներին, նրա տաղանդը սիրված ու հարգված է բարձր արվեստը գնահատողների կողմից ` անկախ ազգային պատկանելությունից: ՅՈՒՆԵՍԿՕ-ն դասում է Խաչատրյանի անունը քսաներորդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքին:
Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թվականի մայիսի 1-ին` 75-ամյակի հոբելյանի շեմին: Նա թաղված է Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում` արվեստի ու գրականության հայ երախտավորների կողքին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները