Համերգ-հանդիպում՝ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի աշակերտի հետ
Շարունակվում են մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված միջոցառումները: Հունիսի 26-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա համերգ-հանդիպում Արամ Խաչատրյանի աշակերտ Գեորգս Պելեցիսի հետ: Ինչպես ավելի վաղ ասել էր Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան եռյակի դաշնակահարուհի, կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյան, հեղինակային երեկոյի ընթացքում նա կատարելու է իր ստեղծագործությունները, պատմելու է հուշեր:
Իսկ հունիսի 27-ին Խաչատրյանի անվան տրիոն կկատարի Արամ Խաչատրյանի կամերային ստեղծագործությունները:
Նշենք նաև, որ սեպտեմբերին անցկացվելու է «Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը» խորագրով գիտաժողով: Արամ Խաչատրյանի 110-ամյակի առթիվ «Ոսկե ծիրան»-ը` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համատեղ, կկազմակերպի հոբելյանական երեկո, որի ընթացքում նախատեսվում է էքսկուրսիա թանգարանում, համերգային ծրագիր Արամ Խաչատրյանի անվան տրիոյի մասնակցությամբ: Կցուցադրվեն «Սոնատ-երգ» (ռեժ.` Լուսինե Մարտիրոսյան), «Օթելլո» (ռեժ.` Սերգեյ Յուտկևիչ), «Պեպո» (ռեժ.` Համո Բեկնազարյան) ֆիլմերը, որոնց երաժշտության հեղինակն Ա. Խաչատրյանն է:
Արամ Խաչատրյանը ծնվել է 1903 թվականի հունիսի 6-ին Թիֆլիսում: 10 տարեկանում ընդունվում է Թիֆլիսի առևտրական տեխնիկում, որտեղ փողային նվագախմբում շեփոր էր նվագում: 1921 թվականի աշնանը արդեն ճանաչված արվեստագետ դարձած Սուրեն Խաչատրյանը կրտսեր եղբորը տանում է Մոսկվա` ուսում ստանալու, ընդունվում է Գնեսինների երաժշտական տեխնիկում, որտեղ թավջութակի դասարանում երկու տարի սովորելուց հետո, իր ուսուցիչ Գնեսինի խորհրդով, տեղափոխվել է ստեղծագործական դասարան: 1929 թ-ին Ա. Խաչատրյանը ավարտում է Գնեսինների ուսումնարանը և ընդունվում Մոսկվայի կոնսերվատորիայի նախ` Մ. Գնեսինի, ապա` Ն. Մյասկովսկու ստեղծագործական դասարանը: Անվանի կոմպոզիտոր և հիանալի մանկավարժ Ն. Մյասկովսկու ղեկավարությամբ Ա. Խաչատրյանը գրում է իր «Ջութակի և դաշնամուրի սոնատը», «Դաշնամուրի, ջութակի և կլարնետի տրիոն», «Պարային սյուիտը», «Տոկատը» և այլ գործեր: Կոնսերվատորիան ավարտելիս, որպես դիպլոմային աշխատանք Ա. Խաչատրյանը գրել է իր Առաջին սիմֆոնիան, որը նվիրել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 15-ամյակին: 1940 թվականին Ա. Խաչատրյանը գրել է իր Ջութակի կոնցերտը` նվիրված տաղանդավոր ջութակահար Դավիթ Օյստրախին, որի համար ստացել է իր առաջին Պետական մրցանակը: 1941 թվականին ստեղծվել է Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը:
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ծնվել են նոր գործեր` պատերազմական թեմաներով երգեր, «Գայանե» բալետը Երկրորդ սիմֆոնիան, որոնց նույնպես կոմպոզիտորին շնորհվեցին Պետական մրցանակներ: 1944 թ. նա գրեց Խորհրդային Հայաստանի Պետական հիմնը:1956 թ. Լենինգրադի Կիրովի անվ. օպերայի և բալետի թատրոնում կայացել է «Սպարտակ» բալետի պրեմիերան: 1959 թ. «Սպարտակ» բալետի համար Ա. Խաչատրյանին շնորհվել է Լենինյան մրցանակ:
Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները իրենց ուրույն տեղն են գրավել համաշխարհային դասական երաժշտության գանձարանում և մեծ ժողովրդայնություն են վայելում ամբողջ աշխարհում: Նրա ստեղծագործությունները հոգեհարազատ և հասկանալի են աշխարհի բոլոր ժողովուրդներին, նրա տաղանդը սիրված ու հարգված է բարձր արվեստը գնահատողների կողմից ` անկախ ազգային պատկանելությունից: ՅՈՒՆԵՍԿՕ-ն դասում է Խաչատրյանի անունը քսաներորդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքին:
Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թվականի մայիսի 1-ին` 75-ամյակի հոբելյանի շեմին: Նա թաղված է Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում` արվեստի ու գրականության հայ երախտավորների կողքին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները