«Ոսկե ծիրան». «Եղիցի լույս» մրցանակը տրվելու է Արտավազդ Փելեշյանին
«Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնի շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնումը, որն այս տարի շնորհվելու է Արտավազդ Փելեշյանին: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Ոսկե ծիրան» ՄԿՓ հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը՝ հավելելով. «Նա արժանի է այդ մրցանակին»:
Հիշեցենք, որ այս «Եղիցի լույս» առաջին անգամ տրվել էր նախորդ տարի Ալեքսանդր Սոկուրովին:
«Հարություն Խաչատրյանն առաջարկեց հայ եկեղեցու դերը բարձրացնելու համար փառատոնի շրջանակներում սահմանել եկեղեցու անունից հատուկ մրցանակ: Այդ առաջարկությունը ներկայացվեց Վահափառին: Տրվեց համաձայնություն»,- ասաց ասուլիսին ներկա Հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Մրցանակի հանձնման արարողությունը կկայանա հուլիսի 12-ին:
Նշենք, որ փառատոնը մեկնարկելու է հուլիսի 7-ին: Մեկնարկը նշանավորվելու է Շառլ Ազնավուրի «Աստղի» բացմամբ իր իսկ անվան հրապարակում, իսկ մեկնարկը կտրվի Ազնավուրի գլխավոր դերակատարմամբ «Կրակել դաշնակահարի վրա» (ռեժ. Ֆրանսուա Տրյուֆո) ֆիլմի ցուցադրությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ազնավուրին հանձնվելու է նաև «Փարաջանովյան թելեր» մրցանակը: Նույն մրցանակին են արժանանալու համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար Մարգարեթե ֆոն Թրոթային, Իշտվան Սաբոյին, Ներսես Հովհաննիսյանին և Յոս Ստերլինգին: Իսկ անվանի ավստրիացի կինոռեժիսոր, Կաննի մրցանակակիր Ուլրիխ Զայդը կարժանանա «Վարպետ» մրցանակին: