Գտնվել է ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի միակ որմնանկարը. Հետագա ճակատագիրն անհայտ է
Արվեստաբան, Էդուարդ Արծրունյանի ֆեյսբուքյան էջի հիմնադիր և համակարգող Անահիտ Կորյունը մեկ շաբաթ առաջ պատահաբար հայտնաբերել է ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի միակ որմնանկարը՝ «Հայաստան»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ա. Կորյունը պատմեց. «Չորս տարի առաջ, երբ հարցրեցի վարպետին՝ որմնանկար ունեք, թե ոչ, ասեց չեմ ուզում այդ թեմայով խոսել, ունեցել եմ մեկ որմնանկար, բայց այն շենքը, որտեղ արել եմ, քանդել են: Զգացի, որ ցավոտ հարց եմ տվել, այլևս չանդրադարձա, ծանր էր տանում»:
Անահիտը նաև պատմեց, որ մեկ շաբաթ առաջ զրուցել է նկարիչ Խաչիկ Հարությունյանի հետ, ով ասել է, որ տարիներ առաջ Է. Արծրունյանի ղեկավարությամբ որմնանկար է արել: «Նկարիչ Կամսարի օգնությամբ տեղեկություններ հավաքեցինք և իմացանք, որ որմնանկարը արվել է Իջևանի մոտ գտնվող Այգեհովիտ գյուղում՝ նախկին «Ռուսգազպրոմի» հանգստյան տան պատին: Մենք գնացինք: Հիմա այդտեղ զորամաս է տեղակայված: Հրամանատարի օգնությամբ մենք գտանք այդ որմնանկարը: Այն հրաշալի վիճակում է, 11 մետրը հինգ մետրի վրա, արվեստաբանության տեսանկյունից կարելի է ասել, որ նրա արվեստի խտացումն է»,- ասաց նա:
Որմնանկարն արված է 1989 թվականին, Արծրունյանին բնորոշ գունային գամմայով ու կերպարներով՝ Կոմիտաս, Չարենց, պարող կանայք, խաչքարեր, այսինքն՝ «այն ամենը, ինչ հիշեցնում է Հայաստանը»:
Հրամանատարը Անահիտին ասել է, որ իրենք հաջորդ տարի տեղափոխվելու են այլ շենք, իսկ այս տարածքը սեփականաշնորհված է, սեփականատերը ցանկանում է այն կրկին հանգստյան տան վերածել: «Չեմ կարողացել պարզել, թե ով է սեփականատերը, բայց ուզում եմ տեղյակ պահել, որ արվեստի հրաշալի գործ է տեղակայված այդ շենքում: Այն անվնաս է, պարզապես պետք է պահել, պահպանել: Նույնիսկ զբոսաշրջության տեսանկյունից որմնանկարը կարող է գրավիչ կլինել: Կամ եթե սեփականատերը թույլ տա, կարող են տեղափոխել տուն-թանգարան»,- լրատվամիջոցներով նա իր խոսքն ուղղեց սեփականատիրոջը, նաև մշակույթի նախարարությանը՝ ընդգծելով, որ այն մեծ արժեք ներկայացնող գործ է:
Է. Արծրունյանը ծնվել է Լենինականում (Գյումրի): 1938-44թթ սովորել է հայրենի քաղաքի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, իսկ 1944-46թթ` Երևանի Թերլեմեզյանիանվան գեղարվեստի ուսումնարանում։ 1947-51թթ ուսանել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիային կից գեղարվեստի դպրոցում, 1951-57թթ` ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում` պրոֆեսորներ Ա.Սերեբրյանիի, Բ.Խարչենկոյի, Ջ.Պապիկյանի մոտ։ 1980-90թթ եղել է ՀԽՍՀ նկարիչների միության վարչության անդամ և գեղանկարի սեկցիայի նախագահը։ 1984թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչմանը: Դասավանդել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1989թ. ունեցել է անհատական ցուցահանդես Մոսկվայում, որից հետո արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական նկարչի կոչմանը և ԽՍՀՄ Նկարիչների միության արծաթե մեդալի` տարվա լավագույն ցուցահանդեսի համար։ Աշխատանքները գտնվում են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդերում, Հայաստանի Ազգային պատկերասրահում, նրա մասնաճյուղերում, Մշակույթի նախարարության ֆոնդերում, Հայաստանի գեղարվեստական ֆոնդում, ինչպես նաև` Հայաստանի և արտասահմանի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում: Մահացել է Երևանում 2010 թ-ին:
Կարմիր գլխաշորով աղջիկ
Հայկական պար
Չիչխան են հավաքում
Մենք քրիստոնյա ենք