Առաջիկայում Նկարիչների միության անդամները նախագահ են ընտրելու. «Եթե դնեմ թեկնածությունս ու պարտվեմ, կափսոսեմ»
Մինչև տարեվերջ կայանալու է Հայաստանի նկարիչների միության համագումարը, որի ժամանակ ընտրվելու է նաև նախագահ: Միության նախագահ Կարեն Աղամյանը դեռևս որոշում չի կայացրել` կմասնակցի ընտրություններին, թե ոչ: Տեղյակ չէ նաև, թե ովքեր են առաջադրելու իրենց թեկնածությունը: Այս մասին ասուլիսում ասաց Կարեն Աղամյանը: «Երեք անգամ վերընտրվել եմ, ամեն անգամ հիսունը քսան հարաբերակցությամբ: Եթե դնեմ թեկնածությունս ու պարտվեմ, կափսոսեմ»,- նշեց նա: Կարեն Աղամյանը 15 տարի է ղեկավարում է այդ միությունը: Նա ասաց, որ իր ղեկավարման տարիներին կարողացել է հասնել մի շարք խնդիրների լուծմանը ու հիշեց դրանցից մեկը. «Ես կարողացա հասնել նրան, որ կերպարվեստի գործերն այսօր ազատ արտահանվում է մեր երկրից ու ներմուծվում է մեր երկիր, ինչպես ցանկացած քաղաքակիրթ երկրում»:
Նախագահ վերընտրվելու դեպքում ի՞նչ խնդիրների լուծմանն եք փորձելու հասնել հարցին ի պատասխան միության ներկայիս նախագահն ասաց, որ Հայաստանում չկա ստեղծագործողի ու ստեղծագործական միավորումների մասին օրենք. «Կարծես մեզ դրել են մի կողմ` ուզում եք եղեք, ուզում եք մի եղեք: Բայց մենք մշակույթի հիմնասյուներից ենք: Մենք ուզում են ծառայել մեր ազգին, պետությանը, իսկ պետությունն էլ պետք է օգնի մեզ»:
Նկարիչների միության նախագահը չկիսեց այն տեսակետը, որ երիտասարդները չեն ցանկանում ստեղծագործական միություններին անդամակցել: Այս տարի միության անդամ դառնալու 60-ից ավելի դիմում են ստացել:
Նկարիչների միության անդամների զգալի մասը, ըստ նրա, այսօր մտածում են իրենց ապրուստի մասին. «Սա ընդհանուր խնդիր է: Բյուջետային հիմնարկ չենք, չենք կարողանում օգնել միության անդամներին` կենցաղային խնդիրները լուծելու համար»:
Կարեն Աղամյանը ցավով նշեց, որ հայ նկարիչները շատ թույլ դիրք ունեն համաշխարհային նկարչության ասպարեզում: Նրա խոսքով, իրենք չեն կարողանում մասնակցել միջազգային համագումարներին, ցուցահանդեսներին ֆինանսական խնդիրների պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները