Մեռած թատերական դաշտ, սով՝ կինոյի դաշտում. Ռեժիսորները մտահոգ են
«Կինոարվեստի ոլորտում գուցե քանակական առումով առաջընթաց կա, սակայն որակական առումով բացարձակ դեգրադացիա է: Պատճառներից են՝ դիլետանտիզմը, թվային հեղափոխությունը, որի արդյունքում յուրաքանչյուրը դարձավ ռեժիսոր, օպերատոր, երգիչ, …»,- ասուլիսում նման կարծիք հայտնեց կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը: Ըստ նրա, այս ամենի արդյունքում արժեզրկվել է պատկեր հասկացողությունը, չկա հեղինակային կինո: Նա շեշտեց, որ ընկնելով «ռեյտինգամանիայի» հետևից, արվեստը խեղաթյուրվել է, հանդիսատեսի մակարդակն ընկել է:
ԵԹԿՊԻ ռեկտոր, պրոֆեսոր, ռեժիսոր Արմեն Մազմանյանն էլ նշեց, որ տեխնոկրատիան ցայտնոտ է առաջացրել ողջ աշխարհի կինոարտադրության ոլորտում, հեղինակները կորցրել են իրենց դեմքերը:
«Շուկան բաց է, ազատական` ով ինչ ասես, անում է: Բայց համաձայն չեմ, որ մեր կինոյի դաշտում ոչինչ չի փոխվել: Կինոյի ոլորտում որոնողներ ունենք, նույն էդգար Բաղդասարյանը, Հարություն Խաչատրյանը»,- ասաց նա, ցավով փաստելով, որ այսօր լուրջ հեղինակային կինո չի ծնվում` սով է:
Ինչ վերաբերում է թատերական դաշտին, Ա. Մազմանյանն ասաց. «Մեռել ենք, ուղղակի չեն ասում, որ տրամադրություններս չգցենք: Ես, Ռուբեն Բաբայանը (Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար) վաղուց ենք դուրս եկել Թատերագետների միությունից: Վերջերս կիսադատարկ, սառը դահլիճում նորից ընտրում էին միության ցմահ նախագահ: Մի խումբ մարդիկ ուղղակի դաշտում եղածը մարսելու, սեփական «եսին» ծառայեցնելու համար խաբում են և հանրությանը, և լրագրությանը, հենց թատերական գործիչներին: Ինչի՞ համար է այդ միությունը, թատերագետները, դերասանները ի՞նչ խնդիրներ ունեն լուծելու. Հարցերի պատասխանների փոխարեն թատրոն ենք տեսնում: Թատերական դաշտ՝ մեծ կտորով չունենք: Ունենք երկու-երեք թատերական հարթակ, ովքեր ազնվորեն, պրոֆեսիոնալ են աշխատում»:
Ըստ նրա, այսօր կա սերունդ, որ կարող է այդ բացը լրացնել, սակայն, ինչպես միշտ պատահում է` շնորհալին, տաղանդավորը զբաղված է սովորելով, քրտնելով, իսկ «տգետ վիսկչկեքը զբաղված են դաշտը գրավելով»:
«Արդյունքում՝ սերունդ է փչանում: Խնդիրն ազգային ռազմավարական է»,- ընդծեց Արմեն Մազմանյանը: