«Պիլոտային» սրճարան՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում
2014 թվականի մայիսին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանից 90 մետր հեռավորության վրա բացվելու է բացօթյա սեզոնային սրճարան: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:
«2009 թվականին մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը դրական եզրակացություն տվեց «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպել բացօթյա սեզոնային սրճարան: Սա Հայաստանի տարածքում պիլոտային ծրագրի տարբերակ է, նույն փորձն իրականացնելու ենք մյուս արգելոց-թանգարաններում էլ, օրինակ՝ Զորաց քարում, Զվարթնոցում, Լոռի բերդում և այլուր»,- ասաց նա:
Վ. Պողոսյանն ընդգծեց, որ սրճարանը լինելու է շարժական, մետաղյա ամրակներով են ամրացվելու, այսինքն՝ «որևէ նոր շինություն չի լինելու»: Ըստ նրա, հնագետների կողմից տարածքը ուսումնասիրվել է, մշակութային շերտն այդտեղ բացակայում է:
Վ. Պողոսյանը նաև բացատրեց, թե ինչու է որոշում կայացվել արգելոց-թանգարանի տարածքում կառուցել սրճարան. «2008 թվականից արգելոցի տարածքում գիշերային գեղարվեստական լուսավորություն կա: Սակայն երեկոյան ժամերին շատ քիչ մարդիկ են այցելում Գառնի: Իսկ երբ լինի նստելու, հանգստանալու հարմարավետ տարբերակ, մարդիկ ավելի շատ կայցելեն: Երեկոյան ժամերին նախատեսում ենք տարածքում իրականացնել միջոցառումներ: Աշխատելու ենք զբոսաշրջային կազմակերպությունների հետ, որպեսզի զբոսաշրջիկներ բերեն նաև երեկոյան ժամերին»:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով, ակնկալում են, որ ծրագրի իրականացմամբ զբոսաշրջությանը էլ ավելի կաշխուժանա այդ տարածքում, կնպաստի մշակութային հուշարձանի հանրահռչակմանը:
Նա նշեց, որ սրճարանում Գառնի համայնքի բնակիչների արտադրանք է մատուցվելու՝ մուրաբաներ, թխվածքներ, գաթաներ, միրգ, այսինքն՝ հիմնականում գյուղմթերք: Սեզոնային սրճարանն աշխատելու է մայիսից-հոկտեմբեր ներառյալ:
Վ. Պողոսյանը նաև հայտնեց, որ ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ. ներդրողները ՀՀ քաղաքացիներ չեն: «Ամեն ինչ կատարվում է օրենքների և կառավարության որոշումների համաձայն: Օրենքի որևէ դրույթ չի խախտվում»,-վստահեցրեց Վ. Պողոսյանը:
Նախատեսվում է հաջորդ սեզոնային սրճարանը բացել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան