«Սիրավ. Դու հավերժող իմ Հայաստան». Հուշ-ցերեկույթը և ցուցահանդես՝ նվիրված գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի ծննդյան 85-ամյակին
Վաղը Հայաստանի ազգային պատկերասրահում կկայանա գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-ցերեկույթը և ցուցահանդեսի բացումը: Հուշ–ցերեկույթի շրջանակներում տեղի կունենա նաև «Սիրավ. Դու հավերժող իմ Հայաստան» տեսաֆիլմի պրեմիերան: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են Ազգային պատկերասրահից:
Գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանը ծնվել է 1928 թ. Երևանում: 1943-1948 թթ. ուսանել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, հետագայում` 1948-1954 թթ. ուսումը շարունակել Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժնում: Հայաստանի նկարիչների միության անդամ էր 1956 թվականից:
Նկարիչը ստեղծագործել է ամենատարբեր ժանրերում` տուրք տալով առավելապես հայրենի եզերքի բնապատկերներին:
1950-ականների երկրորդ կեսին ձևավորվում էր խորհրդահայ մոնումենտալ–դեկորատիվ գեղանկարչությունը, որի վառ ներկայացուցիչներից էին ժամանակի երիտասարդ նկարիչներ Հ. Զարդարյանը, Վան Խաչատուրը և Հ. Սիրավյանը: 1958-1968 թթ. Սարյանի ղեկավարությամբ նկարիչն իրականացնում է «Հայաստան» (1966 թ.) եռապատկեր որմնանկարը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում: 1962 թ. Սիրավյանը մասնակցել է պատմական «Հինգի ցուցահանդեսին» (Ա. Ղափանցյան, Լ. Բաժբեուկ-Մելիքյան, Ալ. Գրիգորյան, Մ. Ավետիսյան, Հ. Սիրավյան): Նույն տարում արժանացել է մրցանակի Մոսկվայում անցկացվող համամիութենական երիտասարդական ցուցահանդեսում «Լ. Բաժբեուկ-Մելիքյանի» դիմանկարի համար:
Այս տարիներին ստեղծած որմնանկարները և ապակու վրա կատարված նկարները (վիտրաժները) զարդարում են Հայաստանի գրողների միության ճեմասրահը, Էջմիածնի Գևորգյան ճեմարանի Կոմիտասի թանգարանի գմբեթը (Հ. Հակոբյանի, Ա. Մելքոնյանի հետ) և այլն: 1977 թ. գեղանկարիչն արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման:
Սիրավյանի հաստոցային աշխատանքների ճնշող մեծամասնությունը կազմում են` գյուղական, ճարտարապետական, լիրիկական, իսկ մոնումենտալ, զուսպ բնանկարները` այլաբանորեն իմաստավորված թեմատիկ հորինվածքներ են:
Գեղանկարիչը մահացել է 2001-ին:
Նախորդող հրապարակում՝
«Նա ոտաբոբիկ քայլեց Հայաստանով…»… Հենրիկ Սիրավյան (տեսանյութ, լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին