«Եվրատեսիլ-2014»-ում Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ի համար երգեր են ուղարկում նաև օտարազգի կոմպոզիտորները
«Եվրատեսիլ-2014» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Արամ Mp3-ին, սակայն դեռևս ընտրված չէ այն երգը, որը նա պետք է կատարի: Panorama.am-ի հետ զրույցում «Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ասաց, որ այժմ երգերի հավաքագրման փուլն է ընթանում. «Հիմա հավաքում ենք երգերը, լսումներ անում: Նաև օտարազգի՝ հիմնականում Շվեդիայից, Հունաստանից, կոմպոզիտորներ են հետաքրքրված ու ակտիվորեն երգեր են ուղարկում: Հայ կոմպոզիտորներ էլ կան, ովքեր խոստացել են երգեր գրել Արամի համար»: Երգերի հավաքագրման աշխատանքները, ըստ նրա, մինչև այս ամսվա վերջ կավարտվեն և արդեն փետրվարին երգի ընտրության հետ կապված նորություն կլինի: Գ. Գասպարյանը նշեց, որ ընտրվելու է այնպիսի երգ, որ հարազատ լինի Արամի ոճին:
Նա նաև ասաց, որ դեռևս հայտնի չէ, թե ինչ սկզբունքով կընտրվի երգը՝ հեռուստադիտողի ու պրոֆեսինալ ժյուրիի քվեարկությա՞մբ, թե՞...: «Կապված է, թե քանի որակյալ ու ինչ կարգի երգեր կունենանք: Ընտրության սկզբունքը կորոշվի, երբ մենք ունենանք երգերի ցուցակը»,- ասաց նա:
Նշենք, որ «Եվրատեսիլ» 56-րդ միջազգային մրցույթը կայանալու է մայիսի 6-10-ը Կոպենհագենում: Մրցույթին մասնակցելու է 36 պետություն՝ Ալբանիա, Հայաստան, Ավստրիա, Ադրբեջան, Բելառուս, Բելգիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մակեդոնիա, Մալթա, Մոլդովա, Մոնտենեգրո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստան, Սան Մարինո, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Միացյալ Թագավորություն, Ուկրաինա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան