Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը»՝ շուտով գրախանութներում
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը վաղը տեղի կունենա Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» գրքի շնորհանդեսը:
Ըստ «Անտարես» հրատարակչության, «Մհերի դռան գիրքը» վեպը իրականում Խեչոյան-արվեստագետի և մարդու պատգամն է մեզ՝ ապրողներիս և մեր երկրի ապագան կերտողների։ Ակնարկային և լրագրողական ոճական հնարանքների, գիտական և գրողական վերլուծությունների և նկարագրությունների միահյուսումը՝ միայն մեկ նպատակ է հետապնդում. Խեչոյանը ամեն ինչ՝ անգամ իր գրականությունն է դնում զոհասեղանին՝ աշխարհում արդարություն հաստատելու համար։
Արձակագիրը «Մհերի դռան գիրքը» վեպի վրա աշխատել է մոտ 13 տարի:
Հիշեցնենք, որ գրող, հրապարակախոս Լևոն Խեչոյանը մահացել է այս տարվա հունվարի 8-ին: «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար 1999 թվականին նա արժանացել է ՀՀ պետական գրական «Ոսկե եղեգն» մեծ մրցանակին, 2005 թվականին «Հողի դողը» պատմվածքների ժողովածուի համար` Հրանտ Մաթևոսյանի անվան, 2006 թ. «Հունվարի 5-ը և 6-ը» գրքի համար` Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» և այլ մրցանակների: Խեչոյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, արաբերեն, հունարեն և այլ լեզուներով:
Հատված՝ «Մհերի դռան գիրքը» վեպից
(հատված վեպից, granish.org)
ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Որտեղ էլ լինենք, դռան հակառակ կողմում ենք:
Ներսիններն այն` ելքի, դրսինները մուտքի դուռ են անվանում:
Սիրելի բարեկամներ, դեռ դպրոցական, ուսանողական, հետո էլ ասպիրանտական տարիներից միշտ երկյուղել եմ ազգային վեպի մասին բարձրաձայն խոսելուց:
Եթե փորձեի` անհեռատեսորեն, նախնիների հնագույն օրենքների, նրանց ժամանակի խորհրդավորության, հավատամք-կարգակառույցի, ծեսերի հեռավոր խանդաղատանքներն ու հուզումները, որ միայն բջիջներով էի ըմբռնում, զգայարաններով լսում, միայն նրանց` դեռևս անբացատրելի, դեռևս անիմանալի թրթիռները, այդ ամբողջը մարդկանց առաջ լռությունից բառի, նախադասության, ձայնի վերածել, համոզված էի` շատ ավելի կխճճվեի, իմ բոլոր որոնումները, այլուրային ազդակների կռահումներն այդպես էլ կմնային դարերի հեռվում, այլևս չէի կարողանա Մհերին գտնել, ամենամեծ վնասն ինքս հասցրած կլինեի ազգային վեպին:
Ճիշտ կլինե՞ր արդյոք բարձրաձայն դասախոսություններ կարդալ լսարաններում իմ ենթագիտակցային գուշակումների վերաբերյալ, մանավանդ գիտեի ձեր անթերի պատրաստվածության, համալսարանի լավագույն կուրսը լինելու մասին, երբ արդեն խորությամբ ուսումնասիրել եք տարբեր բարբառներով և խոսվածքներով գրված ազգային վեպի հարյուր հիսուն պատումները: Հնարավոր է և չհավատալով իմ ենթագիտակցական մշուշոտ խոսքին` վեճի բռնվեք, թե այդ ինչի մասին եք պատմում, երբեք էլ նման իրադարձություններ չեն եղել: Բայց երկար մտածելուց հետո հասկացա` զուր եմ երկմտում, եթե անգամ չընդունեն էլ, որ ազգային վեպը հայր նախնիներից մեզ հասած սահմանադրության, հավատամքի սրբազան գիրքն է, միևնույն է, անհամաձայնությամբ կնպաստեն ճշմարտությունը բացահայտելուն: Դասախոսություններով հանդես գալու մյուս պատճառներից մեկն էլ ազգային վեպի հիմքի վրա գեղարվեստական գիրք գրել չկարողանալս էր, սեփական շնորհքիս նկատմամբ հուսահատությունը և քանի գնացող, սոցիալկենցաղային հոգսերի սաստկանալը, որն այլ հնարավորություն չէր թողել, քան այդ եղանակով ապրելու միջոց գտնելը:
Կուզեի, որ այսուհետ, եթե անընդունելի լինեն իմ մեկնաբանությունները, միանգամից հայտնեիք ձեր անհամաձայնությունը: Կարծում եմ` վեճերն ազգային վեպի հոգևոր խորքին մոտենալու փորձ կլինեն: Անգամ, քիչ առաջ, որ հակառակ կարծիք էիք հայտնում դասախոսության սկզբի մասին թե` շատ քիչ դրվագների հետ եք համաձայն, միայն այն հատվածներն են ընդունելի, որ հաստատում են նաև ձեր կարդացած հարյուր հիսուն պատումները, թե ինչպես Մհերը գնաց Ագռավաքար փակվելու: Թեկուզ այդքանին հավատալով` արդեն ակամա հաստատում եք իմ ենթադրությունները, ուրեմն այսօր էլ նա պիտի կենդանի լինի, երկու հազար տարեկան, գուցե ավելի:
Դեռ դպրոցական տարիներին, հատկապես բարձր դասարաններում, ինձ համար արդեն անկասկած էր Մհերի կենդանի լինելը:
… Մի խոսքով, բարեկամներ, ամենացավագին, հակասական զգացմունքներով Մհերն իմ ներսում էր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները