Ք. Քարդաշյանը Հայաստանում է անձնական նախաձեռնությամբ և ՀԶՀ-ի ջանքերով. էքսկլյուզիվ (լուսանկարներ, տեսանյութ)
Քիմ Քարդաշյանն ամուսնու` Քանյե Ուեսթի, դստեր և Քարդաշյան ընտանիքի մյուս անդամների հետ միասին այս պահին ժամանեց Երևան: Այս մասին Զվարթնոց օդանավակայանից հայտնում է Panorama.am-ի թղթակիցը:
Քարդաշյան ընտանիքի Հայաստան այցելությունը կազմակերպվել է իր իսկ նախաձեռնությամբ և Հայաստանի զարգացման հիմնադրամի ու «SIMA Tours USA» ընկերության համատեղ ջանքերով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Քարդաշյան ընտանիքի անդամների այցելությունը պետք է դիտարկել որպես ընտանեկան ուխտագնացություն դեպի նախնյաց երկիր, ինչը «միայն և բացառապես դրական գնահատանքի է արժանի»:
Քարդաշյանի` Հայաստան այցի ենթատեքստում, ՀԶՀ տնօրենը խոսեց իր դարավոր հայրենիքից արմատախիլ եղած, գաղթական ու որբ դարձած հայ ժողովուրդի վերապրող զավակների մասին` «ովքեր չմոռացան իրենց նահատակներին և կրեցին վերածնվելու, ապրելու և հաջողելու պատգամված կտակը»։
ՀԶՀ տնօրենի բացատրությամբ` անգամ երեք-չորս սերունդ հետո անգամ հայկական սփյուռքը մնաց կուռ և ամուր, հայկական արմատներ ունեցող աշխարհահռչակ հայրենակիցները հետևողական կերպով ու անխոնջ աշխատանքով դարձան հաջողակ և ազդեցիկ մարդիկ, պահանջատեր ցեղասպանության ճանաչման և արդարության գործում, իսկ Հայաստանը նրանց համար դարձավ «հպարտության և ոգեշնչման անսպառ աղբյուր»:
Պարզվում է` այս առումով, ՀԶՀ-ն, որը իրականացրել է տեխնիկակկան աջակցություն, նպատակ ունի շարունակաբար Հայաստան հրավիրել «ծագումով հայ ճանաչված մարդկանց»՝ նպաստելով վերջիններիս «կապի ամրապնդմանը հայրենիքի հետ»:
Ամերիկյան US weekly պարբերականի աղբյուրը մինչև ընտանիքի ճանապարհորդության մեկնարկը հայտնել է, որ «նրանք իսկապես հպարտ են իրենց ծագումով և ցանկանում են այնտեղ օգտակար ժամանակ անցկացնել»:
«Հայաստան կատարվելիք այցելությունն այս ամիսների նրանց ամենամեծ ճանապարհորդությունն է: Բոլոր աղջիկները (All of the girls) չափազանց հետաքրքրված են դրանով», - նշել է աղբյուրը: