Եվգենի Պլյուշչենկոն ցանկանում է լինել առաջինը (տեսանյութ)
Կրկնակի օլիմպիական չեմպիոն ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն համաշխարհային շրջագայության շրջանակում ելույթ է ունենալու նաև Երևանում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ համաշխարհային շրջագայությունը ներառում է մոտ 100 շոու, ելույթ է ունենալու Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, ՌԴ-ում:
Երևանյան համերգը կայանալու է նոյեմբերի 20-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Նոր ծրագրով եմ հանդես գալու: Միգուցե երկու նոր ծրագիր լինի, եթե հասցնեմ: Ինձ թվում է՝ հետաքրքիր կլինի և ձեզ դուր կգա»,- նշեց Ե.Պլյուշչենկոն:
Երևանում նա ելույթ է ունենալու «Սառույցի թագավորները» 2,5 ժամ տևողությամբ սառցե շոուի շրջանակում:
Շոուն ներառելու է աշխարհի լավագույն գեղասահորդների պրոֆեսիոնալ կատարումներ, անհավանական ցատկեր և նեցուկներ, գեղասահորդ- ակրոբատների ֆանտաստիկ համարներ, լուսային ու ձայնային ցնցող լուծումներով հեքիաթային բեմադրություն: Ընդհանուր առմամբ, շոուին մասնակցելու է ավելի քան 20 գեղասահորդ, այդ թվում՝ աշխարհում միակ ակրոբատ գեղասահորդ Սերգեյ Յակիմենկո, Իրինա Սլուցկայա, Թոմաշ Վերներ, Ջեյսոն Գրատց, Հակոբ Մանուկյան, Այդաս Ռեկլիս, Գև Մանուկյան, ինչպես նաև ակրոբատ զույգեր, մարմնամարզիկներ, գեղասահքի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրմամբ հանդես եկող բալետի խումբը և այլն: Սառցե բեմի արքա Եվգենի Պլյուշչենկոյի ելույթը կուղեկցվի շոուի հատուկ հյուր՝ էստրադային ջութակահար, երգահան, պրոդյուսեր, դերասան Էդգար Հակոբյանի նվագակցությամբ:
Ե.Պլյուշչենկոյի խոսքով, ցուցադրական ելույթները տարբերվում են մրցույթի ժամանակ ներկայացվող ելույթներից. «Առանց ցուցադրական ելութների հնարավոր չէ: Մրցույթի ժամանակ էներգետիկան լրիվ այլ է լինում, ցուցադրականի ժամանակ՝ այլ: Ցուցադրական ելույթներն ավելի շատ տոն են, մարզիկներն ավելի շատ հանդիսատեսի համար են ելույթ ունենում, իսկ մրցույթում ելույթ ես ունենում միայն մրցութային տեղ գրավելու համար»:
Գեղասահորդը չի բացառում, որ 5-րդ անգամ կմասնակցի օլիմպիադային, եթե, իհարկե, առողջությունը թույլ տա: «Եթե մասնակցեմ, կլինեմ տղամարդ առաջին գեղասահորդը, որ հինգերորդ անգամ մասնակցում է օլիպիադային: Ցանկություն կա հանդես գալ և աշխարհում լինել առաջինը»,- նշեց նա՝ հավելելով, որ նպատակը ոչ թե Գինեսի ռեկորդակիների գրքում գրանցվելն է, այլ նախ և առաջ իրեն ապացուցելը, որ դա հնարավոր է:
Ե. Պլյուշչենկոն ցավով նշեց, որ Հայաստանում չկա գեղասահք, չկա գեղասահքի սառցադաշտ: «Անհրաժեշտ են նախ սառցադաշտեր՝ մարզվելու համար: Ունեցել եք լավ մարզիկներ»,- ասաց օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան