Այսօր Թատրոնի միջազգային օրն է. «Այս տոնը մեր մշակութային կյանքի սիրված ու սպասված տոներից է»
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Թատրոնի միջազգային օրը: Տոնը սկսել են նշել 1961 թվականից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը մարտի 27-ը հռչակեց թատրոնի միջազգային օր: Տոնը դարձել է ավանդական: Այսօր տարբեր թատրոններում ցուցադրվում են ամենալավ ներկայացումները, պրեմիերանները: Թատրոնի միջազգային օրը նշվում է նաև Հայաստանում:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը օրվա առիթով ուղերձ է հղել՝ շնորհավորելով թատերարվեստի գործիչներին. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Այս տոնը մեր մշակութային կյանքի սիրված ու սպասված տոներից է: Եվ դա բնական է, քանզի թատրոնը մեր ժողովրդի պատմական ընթացքի մշտական ուղեկիցն է:
Աշխարհին թատերական գործիչների մի ողջ աստղաբույլ տված ժողովուրդը հարկ է, որ ունենա նրանց անվանն ու վաստակին արժանի թատրոն: Սա անսակարկելի համոզմունք է: Եվ ուրախությամբ պետք է փաստեմ, որ այսօր ևս մեր թատերական գործիչները շարունակում են ոչ միայն հայ թատրոնի դարավոր ավանդույթների կրողը լինել, այլև հարստացնել ու նոր որակ հաղորդել նրան:
Հարգելի գործընկերներ
Թատրոնի միջազգային օրվա առթիվ մաղթում եմ թատերական բոլոր գործիչներին և թատրոնի նվիրյալներին արևշատություն, ստեղծագործական անհատնում եռանդ ու նոր խիզախումներ»:
Այսօր կայանալու է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Մրցանակաբաշխությունը կազմակերպել է Հայաստանի թատերական գործիչների միությունը և այն այս տարի նվիրվում է Հայաստանի թատերական գործիչների միության ստեղծման 70-ամյա հոբելյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները