Օձի առաջին խայթոցը Սասունիկում. Ինչո՞ւ հակաթույն չի եղել Արագածոտնում
Երեկ երեկոյան Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ` 1960 թ. ծնված Մ. Ղազարյանը, ով անմիջապես տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ԲԿ՝ հակաթույն չլինելու պատճառով: ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի փոխանցմամաբ, բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Առողջապահության նախարարությունից խոստացան ավելի ուշ պարզաբանում տալ, թե ինչու մարզում անտիգյուրզին չի եղել:
Օձի և կարիճի խայթոցի դեպքում անհետաձգելի բուժօգնության կազմակերպման ուղեցույցի համաձայն, այն առողջության կենտրոնները, որոնք ունեն հիվանդանոցային բաժին պարտավոր են ունենալ «անտիգյուրզին» հակաթույնը: Դեղամիջոցը բնակիչներին տրվում է պետպատվերի շրջանակում:
Հայաստանում կա 4 տեսակի թունավոր օձ, դրանցից երեքն իժերի ընտանիքին են պատկանում` կովկասյան իժ, տափաստանային իժ, հայկական իժ և գյուրզա: Իժի, գյուրզայի խայթած տեղը ուժեղ ցավում է, ապա այտուց է առաջանում: Խայթած տեղում մաշկը կարմրում է, իսկ այտուցը տարածվում է ամբողջ վերջույթով (մատի խայթոցի դեպքում այտուցը կարող է տարածվել մինչև տուժողի ուսը): Խայթոցից 20-40 րոպե հետո առաջանում են շոկի ախտանշաններ` գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, զարկերակի թուլացում և արագացում, ճնշման իջեցում:
Անցած տարվա առաջին կիսամյակի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է օձի խայթոցի 89 դեպք, որից մեկը՝ մահվան ելքով: ԱՆ հրապարակած տվյալների համաձայն, անտիգյուրզին ստացել է 57 մարդ, մյուսների դեպքում կարիք չի եղել: Օձի խայթոցի առավել շատ դեպքեր գրանցվել են Սյունիքում՝ 16 և Արագածոտնում՝ 14: Դեպքեր չեն գրանցվել Գեղարքունիքում:
Օձի և կարիճի խայթոցի դեպքում անհետաձգելի բուժօգնության կազմակերպման ու ղ ե ց ու յ ցի համաձայն, առաջին` անհետաձգելի բուժօգնությունը օձի խայթոցից տուժած անձանց հետևյալն է.
ա) Ապահովել տուժածի հորիզոնական դիրքը և լիակատար հանգիստը: Լավ կլինի, եթե տուժողն ընդհանրապես չշարժվի: Սա կդանդաղեցնի թույնի տարածումը օրգանիզմում: Պետք է հեղուկներ խմել (ջուր, հյութեր, թեյ, ամեն ինչ, բացի սուրճից և ալկոհոլից), և ինչքան շատ, այնքան լավ: Հեղուկները օգնում են թույնն օրգանիզմից դուրս բերելուն:
բ) Մարմնի այն հատվածը, որտեղ առկա է խայթոցը (սովորաբար վերջույթը) հարկավոր է անշարժացնել, քանի որ թույնը տարածվում է ավշային ուղիներով, իսկ շարժումները նպաստում են դրա արագ տարածմանը:
ՉԻ ԿԱՐԵԼԻ լարանով (жгут) ձգել վերջույթը, քանի որ այն ավելի կվատացնի տուժողի վիճակը:
ԱՆ-ից հիշեցնում են, որ օձի խայթոցի դեպքում սխալ առաջին օգնությունը կարող է երբեմն ավելի վտանգավոր և վնասակար լինել, քան բուն խայթոցը: Սխալ գործողությունները կարող են նաև դժվարացնել ախտորոշումը և հետագա բուժումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա