Ակտիվիստները շարունակելու են պայքարել, մինչդեռ մշակույթի նախարարությունից հայտնում են, որ նրանք գոհ են եղել հանդիպումից
«Մենք հանդիպեցինք մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի հետ: Այնտեղ էր նաև մշակույթի նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը: Մենք ցանկանում էինք պարզել, թե ինչ իրավական հիմքերով է ԱՕԿՍ-ի հետնամասի կից կառույցը քանդվել: Եվ ոչ մի իրավական հիմք ոչ տեսանք, ոչ լսեցինք»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը:
Հիշեցնենք, որ «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը «ԱՕԿՍ-ի շենքը իմն է» խորագրով այսօր քաղաքացիական բողոքի ակցիա է իրականացնել Աբովյան 3/1 հասցեում ԱՕԿՍ-ի շենքի հարևանությամբ, այնուհետև` կառավարութայն թիվ 3 մասնաշենքի դիմաց: Նրանք նամակ են գրել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանինի: Նրանցից մի քանիսին ընդունել էր փոխնախարար Ա. Սամուելյանը:
«Փոխնախարարն ասաց, որ «Լոկալ Դիվելոփերզ» ընկերության նախագահ Սամվել Մայրապետյանի հետ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել ու պայմանավորվածություն ունեն` բարեկարգել այդ հատվածը: Ու հենց այդ պայմանավորվածությունն է հիմք ծառայել, որ քանդեն ԱՕԿՍ-ի հետևի կառույցը»,- ասաց ակտիվիստը, ապա նշեց, որ հիմնական շենքը մնալու է, բայց խնդիրն այն է, որ այդ դեպքում պետության կողմից պահպանվող մշակութային հուշարձանն այլևս ամբողջությամբ չի ընկալվի:
Նրա խոսքով, այստեղ խնդիրն այն է, որ ինչ-որ մի կառուցապատող եկել ու իր ցանկությունն է թելադրում, այսինքն առանց որևէ իրավական հիմքի քանդում է կառույց ու քաղաքացիներին կանգնեցնում փաստի առաջ:
«Մենք անպայման շարունակելու ենք մեր պայքարը, պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- իր խոսքն ավարտեց Վ. Գերավետյանը:
Մինչդեռ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Դուրգարյանն ասաց, որ փոխնախարարի հետ հանդիպման ժամանակ քաղաքացիները ստացել են իրենց բոլոր հարցերի պատասխանը, ներկայացվել է նախարարության արածներն ու արվելիքը, նրանք էլ գոհ հեռացել են: Նա միաժամանակ նշեց, որ շուտով պատրաստ կլինի պաշտոնական հաղորդագրություն ԱՕԿՍ-ի խնդրի հետ կապված, որտեղ ամեն հարցի պատասխանը տրված է:
Նախորդող նորություններ`
ԱՕԿՍ-ի շենքի ճակատագրով մտահոգված քաղաքացիները այս պահին մշակույթի նախարարի մոտ են
Ա. Էգիբյան. ԱՕԿՍ-ի շենքը չի կարող քանդվել