Եկեք ուրախանանք, որ այդ 30 րոպեն լավ լրատվություն ենք ստանում. Պատգամավորները` «Ա1+»-ի մասին
Մեր երկրի հեռուստաալիքները կուսակցական ալիքներ են, և դա մեր երկրի համար սովորական է, եթե ես հնարավորություն ունենամ, ապա ես էլ կունենամ կուսակցական հեռուստաընկերություն: Այսօր այդ մասին Ազգային ժողովում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի տարեկան հաշվետվությունը հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի ներկայացնելուց հետո հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա, ընդհանուր առմամբ, դժգոհություն հայտնեց հայաստանյան հեռուստաեթերից: «Մենք չենք կարողանում այնպիսի հեռուստաեթերային քաղաքականություն իրականացնել, որ մարդն ինքնաիրացվի: Եթերը մարդու ինքնաիրացվելու լուրջ հնարավորություն է, բայց մեր եթերը նման հնարավորություն չի տալիս», -հավելեց պատգամավորը:
Այնուհետև պատգամավորը հիշեց այն տարիները, երբ եթերում կար «Ա1+» հեռուստաընկերությունը: «Այդ տարիներին Ա1+-ը մի հատ պատուհան էր, որն ասում էր` ժողովուրդ մենք նորմալ պետություն չենք կառուցում», -նկատեց նա` ընդգծելով, որ այդ հեռուստաընկերության փակումը քաղաքական որոշում էր և բացումն էլ քաղաքական որոշմամբ կարող է լինել: «Ժառանգության» պատգամավորը, այնուամենայնիվ, ուրախ է, որ «Ա1+»-ն այժմ փոքր եթեր ունի և «դարձյալ որակյալ ու բազմակողմանի» լրատվություն է տրամադրում:
Այն, որ «Ա1+»-ը եթերում է, ուրախացրել է նաև ԱԺ Հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանին: «Ես հույս ունեմ, որ այս իշխանությունների օրոք «Ա1+» հեռուստաընկերությունը լիցենզիա կստանա և կվերադառնա եթեր: Այնուհանդերձ եկեք ուրախանանք, որ այդ 30 րոպեն լավ, իսկական լրատվություն ենք ստանում», -հավելեց Մարգարիտ Եսայանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարծիքով, այսօր եթերում տիրող վատ վիճակն սկսվել է հենց «Ա1+»-ի փակումից: «Որպեսզի այդ 18-20 հաճախականությունը չտրվեր «Ա1+»-ին, պետական բարձր մակարդակով խնդիր դրվեց փակել այդ հեռուստաընկերությունը, որից մենք իրական լրատվություն էինք ստանում, որը մենք սիրում էինք ու սիրում ենք», -ասաց Փաշինյանը` նշելով, որ հենց դրանից հետո էլ եթերից հեռացան հասարակական-քաղաքական հաղորդումները և դրանք փոխարինվեցին սերիալներով:
Պատգամավորի խոսքով, լուծումը հեռուստաալիքների քանակի նվազեցումն է և եթերի բովանդակությունը փոխելը` հեռուստաեթեր վերադարձնելով քաղաքական-հասարակական բանավեճերը:
«Ժամանակին «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումը մեծագույն սխալն է եղել», իր ելույթում այս կարծիքը հայտնեց ԱԺ Հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` նշելով, որ «ուրախ է, որ այն վերադարձել է եթեր»:
Նշենք, որ «Ա1+» հեռուստաընկերությունը եթեր վերադարձել է միայն 30 րոպեով և ամեն օր ժամը 21:00-ին 30 րոպեանոց լրատվություն է թողարկում «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան