Կառավարության թիվ 2 մասնաշենքի վաճառք` «Հակապետական գործարք», «Վաճառվել է մեր պետական խորհրդանիշներից մեկը»
«Կառավարության թիվ 2 մասնաշենքի վաճառքի գործարքը հետապնդում է միայն նյութական շահ և ուրիշ ոչինչ, գործարքի մեջ բացակայում է բարոյական բաղադրիչը: Գործարք անողները, հեղինակները նման քայլի են գնացել, որովհետև գուցե պետական մտածելակերպ չունեն, այլ ունեն ֆինանսական մտածելակերպ»,- Հանրային խորհրդի հրավիրած Կառավարության թիվ 2 մասնաշենքի (Արտաքին գործերի նախարարության շենք) վաճառքի հարցի վերաբերյալ հանրային լսումների ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետների միության անդամ, քաղաքաշինական խորհրդի անդամ Սաշուր Քալաշյանը: Նրա խոսքով, շենքի օտարումը կատարվել է մի շարք օրենքների դրույթների խախտմամբ:
Հիշեցնենք, որ կառավարության հոկտեմբերի 4-ի ընդունած որոշմամբ, Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում ( ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքն է) գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով կօտարվի «Տանգո» ՓԲԸ-ին: Գնորդը պարտավորվում է այժմյան Կառավարական 2 շենքը, հանձնման-ընդունման աշխատանքներից հետո, անհրաժեշտ ծավալի ներդրումներով վերակառուցել և օգտագործել բացառապես որպես 5 աստղանի հյուրանոցային համալիր` միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցային ցանցի բրենդով` պարտադիր պահպանելով շենքի պատմաճարտարապետական տեսքը: Կառավարության որոշմամբ, գործարքի գինը կազմում է 51,271,006 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Ըստ ճարտարապետի, պետական գույքը այդ պահին ծառայողի սեփականությունը չէ, իրավունք չունեն նեղ խմբով որոշում կայացնեն այդ գույքի ապագայի նկատմամբ: «Մենք ենք տերը»,- ընդգծեց նա:
Ս. Քալաշյանն ասաց, որ գործարքը հակապետական է, Հանրապետության հրապարակը մեր հանրապետության դիմագիծն է, մեր պետության արժանապատվությունն է, «երբ դարձնում ենք քարվանսարա, դառնում է ամբոխավար մի շրջապատ»:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ ասաց, որ վաճառվել է մեր պետական խորհրդանիշներից մեկը: «Կառավարության որոշումը ճիշտ չէ, թող քաջություն ունենա ու հետ վերցնի իր որոշումը»,- ընդգծեց նա:
ՀԽ անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանն էլ ասաց. «Մեծ ամոթ եմ զգում, մեր բարոյազրկման չափանիշն է այս գործարքը: Մեզ զրկում են մեր ինքնությունից»: Ըստ նրա, կառավարության այս որոշումն անպայման պետք է վերանայվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան