Ո՞վ է Քարերի սիմֆոնիան վերածում Ջուղայի գերեզմանոցի (տեսանյութ)
Բնապահպան ակտիվիստները տեսանյութ են տարածել, որտեղ պարզ երևում է` ինչպես են ինչ-որ մարդիկ Գառնիի հեթանոսական տաճարի մոտ գտնվող «Քարերի սիմֆոնիա» կոչվող հուշարձանի քարերը կոտրում, պոկում-հանում, տեղաշարժում:
Տեսագրությունը կատարվել է նոյեմբերի 26-ին առավոտյան ժամը 9:12-ին: Տեսանյութում նշվում է, որ գյուղացի բանվորները կոտրում են «Քարերի սիմֆոնիա»-ի սյուները, ցած են նետում, դասավորում են, որպեսզի հետո բեռնատարը գա և տանի դրանք:
Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «Հեծանիվ+» ՀԿ-ի նախագահ Սամվել Հովհաննիսյանը մի քանի անգամ նկարահանել է քարերի ոչնչացման տեսարանները և միևնույն ժամանակ տեղեկացրել է Գառնու համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանին, խնդրելով որպեսզի վերջինս համապատասխան քայլեր ձեռնարկի բնության այս եզակի հուշարձանի նկատմամբ վանդալիզմը կանխելու ուղղությամբ և հաղորդում ներկայացնի ոստիկանություն: «Մենք այն տպավորությունն ունենք, որ Գառնու համայնքի ղեկավարը փորձում է թաքցնել հանցագործությունը և/կամ պարտակել հենց այդ հանցագործությունը կատարողներին և պատվիրատուներին:
Ի դեպ, Գառնու տարածքում կան մի քանի օլիգարխի առանձնատներ, որոնց կառուցման համար օգտագործված շինանյութ հանդիսացող քարը ակնհայտ հուշում է ոչ վաղ անցյալում իր՝ բնության հուշարձանի մաս կազմելու մասին:
Հարց է առաջանում, թե ու՞մ հերթական առանձնատունն է կառուցվում հայ ժողովրդի հանրային սեփականության` չնաշխարհիկ Գառնու «Քարերի սիմֆոնիայի» քարերի հաշվին: Ո՞վ է հովանավորում և կոծկում տվյալ տարածքում կատարվող հանցագործությունը, ինչու՞ ոստիկանության տարածքային բաժինը քայլեր չի ձեռնարկում կատարվածը բացահայտելու, մեղավորներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ, արդյո՞ք հարուցվել է քրեական գործ կամ ի՞նչ ընթացքում է այն գտնվում, որևէ տեղեկություն մինչև օրս չկա, իսկ վանդալիզմը նշյալ տարածքում շարունակվում է:
Գառնու համայնքի ղեկավարը վստահեցրել է բնապահպան-ակտիվիստներին, որ ինքը կատարվող հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի Աբովյանի բաժանմունք, սակայն դեռևս պատասխան չի ստացել:
Մինչ ոստիկանության տարածքային բաժանմունքը տեղից կշարժվի, Գառնու տարածքի «Քարերի սիմֆոնիան» կվերածվի Նոր Ջուղայի գերեզմանոցի: Եթե Ջուղայում ադրբեջանցիներն էին ավիրում մեր պատմամշակութային հուշարձանները, ապա այստեղ ներքին թշնամին (հանցագործն) է անցել գործի՝ հանուն իր անձնական կամ հերթական օլիգարխի շահի», -ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները