Թեկուզ վաղը պատերազմը դադարի, հետ չեմ գնալու. Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկ
Բժիշկ Մուշեղ Արոն ուղիղ մեկ տարի ու մեկ շաբաթ առաջ փակեց Սիրիայում գտնվող սեփական կլինիկայի դռները և ընտանիքի հետ տեղափոխվեց Հայաստան:
Իրենց քաղաքում իրավիճակը հանգիստ էր, բայց որոշել էին գալ: Վերջին օրը աշխատանքն ավարտեց, եկավ տուն, իրերն հավաքեցին ու եկան: Քիչ ժամանակ անց արդեն նոր տուն և աշխատանք ուներ: Նոր տոնը Արցախի Քաշաթաղի շրջանում է՝ Կովսկականում:
Այժմ գաստրոէնտերոլոգն աշխատում է Կովսականի տեղամասային հիվանդանոցում: «Երբ եկանք, տունը կիասապատրաստ էր: Մեզ տվեցին, ավարտեցինք, հիմա արդեն բոլոր պայմանները կան, ապրում ենք: Երեք սենյականոց բնակարան է»,- մեզ հետ զրույցում պատմեց նա:
Մուշեղ Արոն վաստակում է այնքան, որքան մյուս բժիշկները, աշխատավարձի չափից չի դժգոհում: «Իհարկե դժվարություններ կան, քանի որ երեխաներս ուսանողներ են, Երևանում են ապրում, բայց հարմարվում ենք»,- ասաց նա: Աղջիկն ապագա բժշկուհի է, սովորում է Բժշկական համալսարանի հինգերորդ կուրսում, տղան մասնագիտությամբ արյունաանոթային վիրաբույժ է և աշխատում է Միքայելյանի անվան ինստիտուտում:
Արցախում Մուշեղ Արոն կնոջ հետ է ապրում, ով նույնպես բժիշկ է: Սիրիայի և Արցախի բնակավայրերի միջև տարբերություններն ահռելի են, ասում է բժիշկը: «Բայց որպես հայ ինձ համար նշանակություն չունի, ես ավելի հանգիստ եմ Կովսականում, քան Սիրիայում: Ես անկեղծ եմ ասում, ոչ թե… քանի որ հայկական շրջապատում եմ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում անկեղծացավ նա:
Տարբեր են նաև մարդիկ ու սովորությունները, սակայն բժիշկը նշում է, որ հայերի հետ շփվելն ավելի հեշտ է. «Մենք էլ ենք հայ»: Հարցին՝ ամենաշատն Արցախում ի՞նչն է Ձեզ դուր գալիս, բժիշկը պատասխանեց. «Այն, որ ապրում ենք հայրենիքում, ոչ ավել, ոչ պակաս»:
Բժշկի ամենասիրելի վայրը Կապանն է. «Եղել ենք այն մարդու նման, որը բանտում է ու միանգամից իջնում է քաղաք»: Սիրիայում թողեցին ամեն ինչ՝ սեփական կլինիկա, տուն, ունեցվածք, այստեղ ոչինչ չունեն, բայց Հայաստանից գնալու մասին անգամ չեն էլ մտածում: «Որ եկել եմ, անպայման պիտի մնամ: Թեկուզ վաղը Սիրիայում պատերազմը դադարի, չեմ գնալու: Շատերը Սիրիայից չեն եկել Հայաստան, որովհետև պարզապես տոմսի գումար չունեն»:
Արցախը ևս ապրում է փխրուն խաղաղությամբ, բայց դրա համար չեն անհանգստանում. «Կարևորը հիմա խաղաղ, հանգիստ ապրում ենք մեզ համար: Պատերազմի մասին չենք մտածում: Կյանքը Արցախում նորմալ ընթացքի մեջ է: Ես ու կինս էլ մեր տարիքն առած ենք, մեզ համար ավելի լավ է գյուղական վայրը: Հարևանների հետ էլ նորմալ շփվում ենք: Իրենց հետ ենք ապրում, պիտի լավ լինենք: Այստեղ նաև շատ սիրիահայեր կան»:
Արցախում այս պահին վերաբնակեցված է սիրիահայ մոտ 25-30 ընտանիք, 70-80 մարդ: Սիրիահայերն ապրում են Քաշաթաղի շրջանի Լաչին, Բերձոր, Իշխանաձոր, Կովսական, Իսմայելի համայնքներում:
Նյութեր թեմայով`
Քաշաթաղում սիրիահայ 25-30 ընտանիք է ապրում. Նրանց մի մասը բնակարանի է սպասում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները