Կարծիքներ. ԿԽՄԿ-ն գերու առողջականի մասին մեկնաբանություններ չունի
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո իրականացված աշխատանքների արդյունքում մարտի 4-ին Հայաստան հայրենադարձված Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Մամիկոն Խոջոյանն այս պահին գտնվում է Իջևանի բժշկական կենտրոնում և առողջական լուրջ խնդիրներ ունի:
Վերոնշյալ թեմայի առնչությամբ Panorama.am-ը ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց, արդյո՞ք ԿԽՄԿ-ն իրավասու է զբաղվել Ադրբեջանից տարբեր վնասվածքներով հայրենադարձված Մամիկոն Խոջոյանի խնդիրներով:
«Մեր հիմնական առաքելությունը ՀՀ քաղաքացու հայրենադարձման խնդիրն էր, ինչն իրականացվել է: Խոջոյանի առողջական վիճակի հետ կապված մեկնաբանություններ չեմ կարող անել»,- նշեց Զ. Ամատունին:
Վերջինս մտահոգիչ համարելով գերիների առողջական խնդիրները, նշեց, որ ԿԽՄԿ-ն որպես կանոն, հայրենադարձումից հետո շարունակում է կապ պահպանել գերու ընտանիքի հետ:
«Մենք հնարավորության դեպքում նաև աջակցում ենք սոցիալական և առողջապահական հարցերում, սակայն դա մեր գլխավոր առաքելությունը չէ»,- հավելեց նա:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պատանդների, անհայտ կորածների և գերիների հանձնաժողովը գլխավորում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Panorama.am-ը նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից փորձեց ճշտել, թե գործին ի՞նչ ընթացք է տրվելու:
Վերջինս նախ նշեց, որ Խոջոյանի վիճակը բավականին ծանր է. «Բացի նրանից, որ ՀՀ քաղաքացուն խոշտագումների են ենթարկել, Ադրբեջանում այնպիսի «բուժում» են իրականացրել, որ Խոջոյանի վիճակը բավականին բարդ է»:
Վերջինս նշեց, որ հանձնաժողովում աշխատանքներ են ընթանում և առաջիկայում հստակ կորոշվի, թե հարցը կոնկրետ, որ ուղղությամբ կընթանա:
«Ընդդեմ իրավական կամայակության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանն այսօր հայտարարել է, որ Մամիկոն Խոջոյանի հարցով պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Նախորդիվ`
Գերու նկատմամբ բռնությունը` լուրջ ազդանշան