Գյուղացիները պատրաստվում են պաշտպանվել ցրտահարությունից. «Ժողովուրդը եթե թամբալություն չանի, կարելի է շատ բան փրկել»
Արդեն մի քանի օր է ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը, գյուղատնտեսության նախարարությունը պարբերաբար տեղեկացնում են, որ մարտի 30-ի լույս 31-ի գիշերը սպասվում է օդում միչև -2 աստիճան, հողի մակերևույթին՝ -5 աստիճան ցուրտ: Նշված ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում Արարատյան հարթավայրում, Սյունիքի հովիտներում, նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում կարող են վնասվել ծիրանենին, սալորենին, դեղձենին, կեռասենին, բալենին և այլ կորիզավոր պտղատեսակներ, խաղողի վաղահաս սորտերի բացված բողբոջները, Տավուշում՝ դեղձենին, որոշ կորիզավորներ ինչպես նաև հոնենին: Մասնագետները խորհուրդ են տալիս այգիները ցրտահարության հնարավոր վտանգից պաշտպանելու համար դիմել ավանդական միջոցներին՝ ծխահարում, ոռոգում:
Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ պտղատու ծառերի այգիներ ունեցող գյուղացիներն առանձին-առանձին պատրաստվում են՝ իրենց տարածքում աթարով, ծղոտով կույտեր են անում, որպեսզի ծխի ամպ գոյանա ու ծառերը պաշտպանվեն ցրտից: Ինչ վերաբերում է ոռոգմանը, գյուղապետն ասաց. «Ջուր չկա, որտեղի՞ց ջրենք»:
Արագածոտնի մարզի Փարպի համայնքի ղեկավար Իշխան Առաքելյանն էլ ասաց, որ գյուղացիները պատրաստվում են, նույնիսկ՝ «պագրիշկաներ են տանում այգիներ՝ ծխահարելու համար»:
«Կդիմենք ավանդական մեթոդների, չնայած չենք էլ կարող ասել՝ կպաշտպանվեն պտղատուները, թե ոչ: Մեր տարածքում, որ ցուրտը նստում է, երկար է մնում: Մեզ մոտ հիմնականում ծիրանենին է ծաղկել»,- ասաց Ի. Առաքելյանը:
Արարատի մարզի Վարդաշեն համայնքի ղեկավար Գևորգ Բարխոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն կույտերը պատրաստել են, իսկ ոռոգման հետ կապված խնդիրներ կան:
«Կապվել եմ, եթե հնարավորություն լինի, կմիացնեն ջուրը, թեև այս շրջանում խնդիրներ կան ոռոգման հետ կապված, քանի որ ջրակայանները, կանալները մաքրվում են, վերանորոգվում են: Իսկ ջուրը պետք է լինի հոսող, որպեսզի կանխի ցրտահարումը: Այսօր հնարավոր չէ այդ ամբողջ ծավալներն ապահովել ջրով: Միակ տարբերակը՝ ծուխն է: Ժողովուրդը եթե թամբալություն չանի, ականջի հետև չգցի, կարելի է շատ բան փրկել: Լավ ծխահարելու դեպքում շատ բան կպաշտպանվի»,- ասաց համայնքապետը:
Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի ղեկավար Գևորգ Դանիելյանը վատատես է. ըստ նրա, նույնիսկ ծխահարելով հնարավոր չէ պտղատուները պաշտպանել ցրտահարումից: «Ճիշտ է, հիմա դաշտերը խոտ են լցնում, խոստացել են ջուր տան, եթե, իհարկե, լինի, բայց ծխահարմամաբ ոչ մի տոկոս հնարավոր չէ պաշտպանել: Կցրտահարվեն»,- ասաց նա:
Նույն մարզի Հացիկ համայնքի ղեկավար Արթուր Եղիազարյանն էլ ասաց, եթե միաժամանակ և ծխահարություն լինի, և ոռոգում, պտղատուները 100 տոկոսով կպաշտպանվեն:
«Հիմա ես շրջում եմ գյուղում: Մարդիկ գոմաղբ, աթար, խոտ են կրում դաշտերը, որպեսզի ծխակույտեր պատրաստեն: Խոստացել են, որ ջուր էլ կլինի»,- նշեց նա:
Վայոց Ձորի մարզի Խնձորուտ համայնքի ղեկավար Ժիրայր Նազարյանն ասաց, որ իրենց մոտ պտղատուները դեռ ամբողջությամբ չեն ծախսել, հետևաբար ջերմաստիճանի նվազումն այդքան վտանագավոր չէ, թեև իրենք էլ պատրաստում են ծխակույտեր:
Տավուշի մարզի Դեղձավան համայնքի ղեկավար Յուրիկ Հովհաննեսյանը հայտնեց, որ գյուղացիները պատրաստում են ծխակույտեր, իսկ ջուր չկա, քանի որ պահանջարկ չեն ներկայացրել, գյուղացիները չեն ցանկանում ոռոգել այգիները:
Նախորդող հրապարակումներ՝
Գյուղնախարար.Պետք է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն`բերքի կորուստներ չունենալու համար
Պտղատու այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար պետք է ծխեցնել և առատ ոռոգել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները