Գյումրիում զինված միջադեպի ժամանակ վիրավորվածներից մեկը հիվանդանոցում մահացել է
Գյումրիում մարտի 7-ի երեկոյան տեղի ունեցած զինված միջադեպի ժամանակ վիրավորված Կնյազ Ղազարյանն այսօր ժամը 3-ին հիվանդանոցում մահացել է: Panorama.am-ին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
Նշենք, որ նա բաց, թափանցող, կոտորակային, օտար մարմին գանգի խոռոչում, գանգի ոսկրերի բազմաբեկորային կոտրվածքներ, ներգանգային հեմատոմաներ, ուղեղային հեմատոմաներ ախտորոշմամբ տեղափոխվել էր Գյումրիի բժշկական կենտրոն, այնուհետև՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
«Նրա վիճակն այս օրերի ընթացքում ծայրահեղ ծանր է եղել: Կնյազ Ղազարյանը շարունակում էր մնալ արհեստական շնչառական ապարատին միացված: Նրա գլուխն էր վիրահատվել»,- ասաց Շ. Հունանյանը:
Ինչ վերաբերում է Կնյազի եղբորը՝ Գագիկ Ղազարյանին, բժշկական կենտրոնի մամուլի քարտուղարի խոսքով, նրա ուսահոդն է վիրահատվել, երկու օր է տեղափոխվել է հիվանդասենյակ:
Շ. Հունանյանը նաև ասաց, որ վիրավորներից Գագիկ Ղուկասյանի վիճակն արդեն լավ է, ամենայն հավանականությամբ, այսօր վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին` ժամը 23:30-ից մինչև մարտի 8-ի` ժամը 00:40-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 165 տան դիմացից տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ: Բաց, թափանցող, կոտորակային, օտար մարմին գանգի խոռոչում, գանգի ոսկրերի բազմաբեկորային կոտրվածքներ, ներգանգային հեմատոմաներ, ուղեղային հեմատոմաներ ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Կնյազ Սմբատի Ղազարյանը, ձախ ուսահոդի շրջանի քերծվածքներ, հրազենային կոտորակային վնասվածք, անրակի բաց կոտրվածք, գլխի գագաթային ծոծրակային շրջանի քերծվածքներ վնասվածքներով՝ Գագիկ Սմբատի Ղազարյանը, բաց, ծանր գանգուղեղային վնասվածք, գանգի ոսկրերի բազմաբեկորային ներհրված կոտրվածքներ, ներգանգային հեմատոմաներ վնասվածքներով՝ Գագիկ Ղուկասյանը, ձախ ազդրի և ձախ գոտկային շրջանի կտրած վերքերով՝ Վլադիմիր Հակոբյանը, ձախ հետույքային շրջանի ծակած կտրած վերք ախտորոշմամբ՝ Սմբատ Ղազարյանը և գլխի ճակատային շրջանի քերծված վերքերով՝ Համլետ Գևորգյանը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5,45 մմ և 9 մմ տրամաչափի պարկուճներ, որսորդական ողորկափող հրացանի պարկուճներ, փայտե մահակներ, կայանված վնասված մեքենաներ:
Նախապատրաստված նյութերով Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ` երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձի, զինված խուլիգանության, ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար:
Նախորդող հրապարակումներ՝
Գյումրիի կրակոցների գործով 5 մարդ է բերման ենթարկվել
Գյումրիի կրակոցների գործով քրեական գործ է հարուցել