Ադրբեջանցի փորձագետներ. «Նավթից ստացվող եկամուտները տնտեսական զարգացում չեն»
Ադրբեջանցի փորձագետները քննադատել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախարարների կաբինետում ունեցած ելույթը, որտեղ նա խոսել է Ադրբեջանի 15 մլրդ դոլարանոց բյուջեի և երկրի բազմաճյուղ տնտեսության մասին:
Փորձագետները Ադրբեջանի` վերջին 6 տարիների տնտեսական զարգացման ցուցանիշների գնահատման հարցում Ի.Ալիևի հետ համամիտ չեն:
«Բիզիմ յոլ»-ի հետ զրույցում փորձագետ Աքիֆ Նասիրլին մասնավորապես նշել է, որ պետության ղեկավարի ելույթում բերված փաստերը իրականությանը չեն համապատասխանում: «Վերջին 6 տարիներին Ադրբեջանում տնտեսական «զարգացումը» հիմնվել է նավթի գործոնի վրա: Այդ տարիների ընթացքում բյուջեի նվազագույնը 40 տոկոսը ձևավորվել է Նավթի պետական հիմնադրամից արվող տրանսֆերտների հաշվին: Համաշխարհային չափանիշներով` բյուջեում բնական հարստություններից ստացվող եկամուտների մասը չպետք է գերազանցի 25 տոկոսը: Ադրբեջանում այդ մասնաբաժինը նվազելու փոխարեն` գնալով ավելի է աճում: Տնտեսական աճ ապահովող շարժիչ ուժի 80 տոկոսը ձևավորվում է «սև ոսկու» հաշվին»,- ասել է նա:
Մեկ այլ փորձագետ Իլհամ Հուսեյնլին ասել է, որ պետության ղեկավարի ներկայացրած փաստերն ուռճացված են: Նրա խոսքերով, եթե հիմնական եկամուտը ձևավորվում է նավթի հաշվին, ապա այդտեղ անտեղի է խոսել որևէ զարգացման մասին: «Վերջին 6 տարիներին տնտեսական աճի հետ միասին աճել են կաշառակերությունը, կոռուպցիան և մենաշնորհը: Տնտեսական աճը հնարավոր է միայն ազատ շուկայի միջավայրում: Բոլոր բնագավառներում ազատականացում և ազատ մրցակցություն պետք է լինի: Զարգացումը պետք է իր վրա զգա Ադրբեջանի յուրաքանչյուր ընտանիք: Սակայն պետության ղեկավարի ասած սոցիալական և տնտեսական զարգացումը ոչ ոք իր վրա չի զգում»,- ասել է փորձագետը:
Ի. Հուսեյնլին նշել է, որ Ադրբեջանում աշխատունակ 4 մլն մարդկանցից միայն 2,5 մլն-ը աշխատելու է մեկնել Ռուսաստան, չհաշված` մյուս երկրները: «Ինչո՞ւ պիտի այդ մարդիկ հեռանային տնտեսական զարգացում ապրող Ադրբեջանից, ինչպես բնորոշում է երկրի ղեկավարը: Վերջին 6 տարիներին արտարժույթի պահուստը ձևավորվել է միայն նավթի հատվածից եկող եկամուտների հաշվին: Ոչ նավթային հատվածը ամբողջովին հետ է մնացել զարգացումից: Խորհրդային շրջանում Ադրբեջանի պետական բյուջեի հիմնական մասը ձևավորվում էր գյուղատնտեսության հաշվին, իսկ այսօր երկրի բյուջեում գյուղատնտեսության մասնաբաժինը ողորմելի վիճակում է: Այն երկրում, որի տնտեսության 97 տոկոսը կախված է նավթի եկամուտներից, անտեղի է խոսել տնտեսական աճից»,-եզրահանգել է փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա