Հայաստանի ատոմակայանը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ նաև Ճապոնիայի ողբերգական իրադարձություններին: Ըստ նրա, հասկանալի է, որ միջազգային հանրության կենտրոնում է ատոմակայանների անվտանգության խնդիրը:
«Բոլոր երկրներում, որտեղ կան ատոմակայաններ կառավարությունները կազմակերպում են լրացուցիչ քննարկումներ` հաշվի առնելով Ճապոնիայում ստեղծված իրավիճակը, ինչ ռիսկեր են առկա այդ բնագավառում և ինչ լրացուցիչ միջոցառումներ պետք է իրականացվի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար»,-ասաց վարչապետը:
Տ.Սարգսյանի կարծիքով, այդպիսի քննարկումներ Հայաստանում նույնպես պետք է ծավալվեն:
«Հաշվի առնելով Ճապոնիայի այն խնդիրները, որոնք այսօր առաջացել են: Ըստ էության, առաջին եզրահանգումը կայանում է նրանում, որ մի քանի հանգամանքներ, եթե համընկնում են, այդ դեպքում է, որ առաջանում են լուրջ ռիսկեր: Ճապոնիայի դեպքում երկրաշարժի հարվածները ամենևին չեն վնասել ատոմակայանին, այլ հիմնական պրոբլեմը առաջացել է այն բանից հետո, երբ տասը մետրանոց ալիքը հարվածել է ատոմակայանների ենթակառուցվածքներին և խաթարվել է էլետրասնուցումը ատոմակայանների: Պարզվել է, որ պաշտպանողական շերտը ատոմակայանների նախատեսված է եղել վեց մետրանոց ալիքի համար»,- նշեց Տ.Սարգսյանը:
Վարչապետի խոսքերով, դա նշանակում է, որ մեր ուշադրության կենտրոնում էլ պետք է լինի ոչ միայն զուտ ատոմակայանը, այլ նաև այն ենթակառուցվածքները, որոնք ապահովում են ատոմակայանի անխափան գործունեությունը:
«Մենք լրացուցիչ ևս մեկ անգամ քննության առարկա կդարձնենք այս խնդիրը` հրավիրելով նաև միջազգային փորձագետներին ստանալու նրանց գնահատականները, թե ինչ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրենք բարձրացնելու նաև մեր ատոմակայանի անվտանգությունը»,-հայտնեց Տ.Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա