«Հայաստանը պետք է դարձնել ջերմատնային ինդուստրիալ երկիր»

16:03 09/06/2011 » Տնտեսություն

«Հայաստանը պետք է դարձնել ջերմատնային ինդուստրիալ երկիր»

Վերջին տարիներին ջերմոցային տնտեսությունների ոլորտում նկատվել է աճ, ավելին, ջերմոցային տնտեսությունների տարածքները հասել են խորհրդային ժամանակների մակարդակին. այսօր Հայաստանում կա 120 հա ջերմատուն: Ինչպես այսօր կայացած ասուլիսում ասաց Հայաստանի Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը, Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են ջերմոցային տնտեսության զարգացման համար, հատկապես բարձրադիր շրջաններում, ուստի պետք է այդ հնարավորությունը օգտագործել:

Ըստ նրա, իրենց նպատակն է ջերմատները զարգացնել հատկապես լեռնային գոտիներում, ինչը հնարավորություն կտա գյուղական համայնքներում կրճատել գործազրկության մակարդակը: Սակայն, նրա խոսքերով, դրա համար անհրաժեշտ է պետության աջակցությունը և այդ ոլորտի զարգացման համապատասխան հայեցակարգը: «Հայաստանը պետք է դարձնել ջերմատնային ինդուստրիալ երկիր»,- նշեց նա:

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին, Բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանը նշեց, որ թեև վերջին տարիներին ջերմոցային տնտեսությունների տարածքներն ավելացել են, սակայն խնդիրները մնացել են նույնը և դրանք լուծումներ չեն ստանում: Մասնավորապես, առանձնացրեց բարձր մաքսային տուրքերը և անմիջապես սահմանին ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումը: «Ի տարբերություն այլ երկրների, ԱԱՀ-ն մեզ մոտ գանձվում է սահմանին, այլ ոչ թե արտադրանքի իրացումից հետո, ինչը վախեցնում է արտասահմանյան ներդրողներին, ովքեր պատրաստ են խոշոր գումարներ ներդնել ջերմոցային տնտեսության զարգացման գործում»,- ասաց Ս.Գևորգյանը: Բացի դրանից, բանկերը և այլ կազմակերպությունները որպես գրավ չեն ընդունում ջերմոցային տնտեսությունը, ավելին, երկրում չկան համապատասխան մասնագետներ, որոնք կարող են զբաղվել այդ ոլորտի զարգացմամբ:

Նշվեց նաև, որ խոչընդոտներից մեկը նաև գազի բարձր գներն են, քանի որ գների բարձրացումով վերջին տարիներին որոշ ջերմոցային տնտեսություններ սնանկացել են: Դրա համար փորձում են այլ ուղիներ գտնել, մասնավորապես ինֆրակարմիր ճառագայթներով տաքացնելու տարբերակը:

Մինչդեռ, Ս. Գևորգյանի խոսքերով, եթե այս հարցերին լուծում տրվի, ապա Հայաստանի բնակլիմայական բավականին գրավիչ պայմաններում հնարավոր կլինի զարգացնել ջերմոցային տնտեսությունը, ինչպես նաև խթանել ջերմոցային ապրանքների արտահանմանը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց