«Զվարթնոց»-ն ու «Արմավիա»-ն կրկին համաձայնության եկան. Փոխադրողը եթե չկատարի պայամանավորվածությունը, «Զվարթնոց»-ը դատարան կդիմի
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը և «Արմավիա» ընկերությունը մոտ կես ժամ առաջ նոր համաձայնագիր են ստորագրել:
Ինչպես օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն, պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտակա օրերից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակատվածում «Արմավիան» մաս-մաս կմարի «Զվարթնոց»-ին ունեցած 5 մլն 300 հազար դոլար պարտքը: Համաձայնության են եկել նաև նոր սակագների մասին:
Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, մենեջերը նշել է, որ նման քայլի օդանավակայանը դիմել է ազգային փոխադրողին օգնելու նպատակով:
Միաժամանակ անդրադառնալով «Արմավիա»-ի այն բողոքներին, թե օդանավակայնը մեծ գումար է գանձում սպասարկման համար, ընկերության ներկայացուցիչը հայտարարեց. «Ընդունելի չէ, որ բիզնեսի մեղքը բարդվում է մեր վրա»: Նրա խոսքով, օդանավակայանը ավիափոխադրողից շատ փոքր գումար է գանձում, և չի կարող ազդել նրա ողջ բիզնես պլանի վրա:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության իրավախորհրդատու Արմեն Տեր-Տաճատյանի խոսքով, եթե «Արմավիա»-ն չպահպանի համաձայանգրում ամրագրված պարտքի մարման ժամանակացույցը, ապա համաձայնագիրը չեղյալ կհամարվի: Նա չբացառեց, որ ավիափոխադրողի հետ նոր համաձայնության չգալու դեպքում ընկերությունը կարող է դիմել դատարան:
Հիշեցնենք, որ այսօր «Զվարթնոց»-ը հայտարարել էր, որ «Արմավիա»-ն լքել է բանակցությունները: