ԻՏՁՄ-ն դիմել է ՀՀ նախագահին և նորընտիր ԱԺ-ին՝ ՏՏ նախարարության ստեղծմանն աջակցելու համար
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն այսօր հայտարարություն է տարածել, որն ուղղված է ՀՀ նախագահին և նորընտիր Ազգային Ժողովին: Հայտարարությունը վերաբերում է տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտները կարգավորող առանձին պետական կառավարման մարմնի՝ նախարարության ստեղծման անհրաժեշտությանը:
«Համաշխարհային արդի տնտեսության մրցունակության և զարգացման հիմնական նախապայմանը ինտելեկտի և գիտելիքների վրա հիմնված հասարակության ձևավորումն է, որտեղ հիմնական շարժիչները գաղափարներն ու հայտնագործություններն են, և միևնույն ժամանակ, դրանք առօրյա կյանք ներդնելու ունակությունն ու արագությունը:
ԱԺ 2012թ. ընտրությունների արդյունքում շուտով կձևավորվի նոր կառավարություն։ Ելնելով տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների/բարձր տեխնոլոգիաների (ՏՀՏ/ԲՏ) ոլորտի զարգացման, տեղեկատվական հասարակության կայացման առկա նախադրյալներից, Հայաստանում բարձր տեխնոլոգիաների և գիտելիքի վրա հիմնված տնտեսության ձևավորման կարևորությունից, հաշվի առնելով տարածաշրջանի այլ երկրների կողմից այս ոլորտում վարվող արմատական քաղաքականությունը, կարևորելով Հայաստանի մրցակցային առավելությունները պահպանելու և զարգացնելու անհրաժեշտությունը` գտնում ենք, որ խիստ անհրաժեշտ է ստեղծել ոլորտի պետական կառավարման կենտրոնացված մարմին` նախարարություն։ Նախարարությունը կհամակարգի Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, նորարարության ներդրման և զարգացման, տնտեսության բոլոր բնագավառներում դրանց արդյունքների ներդրման, էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացները, պատասխանատու կլինի ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման համար»,- նշված է հայտարարությունում:
Ըստ ԻՏՁՄ-ի՝ ոլորտի կառավարման նմանատիպ մոդելներ ներդրվել և հաջողությամբ կիրառվում են աշխարհի բազմաթիվ զարգացող և զարգացած երկրներում` Ավստրիայում, Չեխիայում, Դանիայում, Գերմանիայում, Մալթայում, Պորտուգալիայում, Սերբիայում, Բելառուսում, Ղազախստանում, Ռուսաստանում, Մոլդովայում, Ռումինիայում, Լեհաստանում, Բուլղարիայում, Սլովենիայում, Մալազիայում, Եգիպտոսում և այլն:
«Նախարարության առկայությունը հնարավորություն կտա խուսափել ոլորտի զարգացմանը խոչընդոտող բազմաթիվ հանգամանքներից, ինչպիսիք են՝ ոլորտի միասնականության խաթարումը՝ տարբեր պետական մարմինների միջև բաժանվածությամբ, գործառույթների հաճախակի կրկնողությունները, իրար միջև բաժանելու անկարողությունը, միասնական համակարգման գրեթե բացակայությունը և այլն: Արդյունքում ոլորտի կառավարմանը, զարգացմանն ուղղված ջանքերը հիմնականում ձևական բնույթ են կրում»,- նշված է հաղորդագրությունում:
ԻՏՁՄ-ի կարծիքով՝ Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն զարգացման նախարարության մոդելը համահունչ է գործող պետական կառավարման համակարգին և որևէ հակասություն չի առաջացնում: Պետական կառավարման նմանատիպ մարմնի ստեղծմամբ չի առաջանում էական ծախսերի անհրաժեշտություն, քանզի այն չի ենթադրում մեծ աշխատակազմի ստեղծում, իսկ ներկայիս տարբեր պետական մարմիններում նշված ուղղություններով զբաղվող, և հաճախ գործառույթներով իրար կրկնող ստորաբաժանումներում ներգրավված են մի քանի անգամ ավելի շատ մարդկային ռեսուրսներ: Նախարարության ստեղծումը կբերի որոշակի ռեսուրսների խնայողության` ի հաշիվ նշված անարդյունավետ կառավարման մեխանիզմների վերացման, գործառութային կրկնությունների բացառման, իրականացվող ծրագրերի համակարգվածության, առկա ռեսուրսների կենտրոնացված կառավարման, չհաշված ոլորտի զարգացման արդյունքում եկամտաբերության և հարկային մուտքերի ավելացումը: