Արծվիկ Մինասյան. «Վստահ եմ, որ մեր սերունդներն անիծելու են այն օրը, երբ կայացվեց «Կենսաթոշակային բարեփոխումների» մասին որոշումը»
«Դաշնակցության գնահատմամբ՝ 1990-ականներին տեղի ունեցած բացասական դրսևորումներից հետո, երկրորդ խոշորամասշտաբ բացասական երևույթը Հայաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումներն են լինելու»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքերով՝ բարեփոխումների արդյունքում տեղի կունենա կենսաթոշակային համակարգի փուլային մասնավորեցում: «Այսինքն՝ մինչև 2023թ-ը պահպանվելու է այսօրվա համակարգըիր նվազ մեծությամբ, որին զուգահեռ կստեղծվի մասնավոր հսկաների մի բանակ, որը կխժռի հասարակության գումարները»,- նշեց Ա. Մինասյանը և ավելացրեց. «Վստահ եմ, որ մեր սերունդներն անիծելու են այն օրը, երբ կայացվեց այդ որոշումը: Դրա համար, քանի ուշ չէ, մենք փորձում ենք պայքարել կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Ոչ ոք իրավունք չունի հանրության գումարը տրամադրել մասնավոր սեկտորին և ասել՝ արեք ինչ ուզում եք: Եթե դա հանրության փողն է, ապա պատասխանատուն պետք է լինի ՀՀ կառավարությունը»,- ասաց պատգամավորը:
Ըստ Ա.Մինասյանի՝ այդ գումարները պետք է ուղղվեն տնտեսության զարգացմանը, նոր աշխատատեղերի բացմանը, սոցիալական խնդիրների բարելավմանը, այլ ոչ թե տրվեն մի քանի բանկերի կամ կազմակերպությունների, որոնք կարող են այդ գումարները ներդնել դրսի ակտիվներում, և ինչպես 2008թ-ի ճգնաժամը ցույց տվեց՝ փոշիացնեն:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել և իրականացնում է արմատական կենսաթոշակային բարեփոխումներ, որի արդյունքում ներդրվել է բազմաստիճան կենսաթոշակային համակարգ, որը գործող բաշխողական բաղադրիչից բացի, ներառելու է ևս երկու կենսաթոշակային բաղադրիչներ` պարտադիր կուտակային և կամավոր կուտակային: Պարտադիր կուտակային բաղադրիչը կսկսի գործել 2014թ. հունվարից: Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կերպով մասնակցելու են 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները:
Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում փոփոխությունների է ենթարկվում նաև հարկային համակարգը: 2013թ. հունվարի 1-ից ներկայումս գործող եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարի փոխարեն գործելու է մեկ միասնական` եկամտային հարկ:
Նախորդող՝ Արծվիկ Մինասյան. «Միասնական հարկատեսակը տնտեսության վրա բացասական ազդեցություն կունենա»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում