Ադրբեջանը Իրանից 10 միլիարդ բարել նավթ է պահանջում
Ադրբեջանը Իրանից 10 միլիարդ բարել նավթ է պահանջում:
Այդ մասին հաղորդում է իրանական «թաբնաք.իռ» կայքը:
Համաձայն տեղեկատվության՝ Էներգետիկ տեղեկատվության միջազգային կազմակերպության զեկույցում նշվում է, որ ընթացիկ տարում Իրանի կողմից Կասպից ծովում նավթի խոշոր հանքավայր հայտնաբերելուց հետո Ադրբեջանը պնդում է, որ այդ նավթի հանքը պատկանում է իրեն և գտնվում է իր ջրային տարածքներում:
Զեկույցի հեղինակները նշել են, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ մերձկասպյան երկրների միջև առկա տարաձայնությունների պայմաններում յուրքանչյուր նոր հանքավայրի հայտնաբերում ավելի է խորացնում նրանց տարաձայնությունները:
Նկատենք, որ իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Իրանն ընթացիկ տարվա ընթացքում Կասպից ծովում բարձրորակ նավթի երկու խոշոր հանքավայր է հայտնաբերել, որոնց նավթն աշխարհի ամենաբարձրորակ նավթամթերքից է համարվում:
Այդ առնչությամբ՝ Իրանի Նավթի ազգային ընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ Կասպից ծովում հայտնաբերված գազի նոր հանքավայրը գտնվում է Իրանի տիրապետության տակ գտնվող ջրերում և Ադրբեջանի Հանրապետությունը ոչ մի մասնաբաժին չունի դրանից:
Նշենք, որ մերձկասպյան 5 երկրները` Իրանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ղազախաստանն ու Ադրբեջանը, Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշակի տարաձայնություններ ունեն, Իրանն առաջարկում է այն բաժանել 5 հավասար մասի: Այդ առնչությամբ` Իրանի ԱԳՆ մամլո խոսնակը վերջերս հայտարարել էր, որ մինչև Իրանի շահերը Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցում առավելագույնս ապահովված չլինեն, Իրանը ծովի բաժանման ոչ մի տարբերակի հետ չի համաձայնվի: