ԻԻՀ ԱԳ նախարարի մոտ քննարկվել է Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր տնտեսական գոտի ստեղծելու հարցը
Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր տնտեսական գոտի կստեղծվի:
Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության՝ ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի և Արևելյան Ազարբայջան (Արևելյան Ատրպատական) նահանգի նահանգապետ Ահմադ Ալիռեզա Բեյգիի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել է Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր տնտեսական գոտի հիմնելու հարցը:
Արևելյան Ազարբայջանի նահանգապետը նշել է, որ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ևս ողջունել է ընդհանուր տնտեսական գոտի ստեղծելու գաղափարը և հայկական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի ընդհանուր տնտեսական գոտի ստեղծելու հարցը ընդգրկվի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի օրակարգում:
Հավելենք, որ օրերս «Արաս ազատ տնտեսական գոտի» կազմակերպության գործադիր տնօրեն Սադեղ Նաջաֆին նշել էր, որ վերջերս Արևելյան Ատրպատականի (Արևելյան Ազարբայջան) նահանգապետ Ալի Ռեզա Բեյգիի գլխավորությամբ իրանցի գործարարներից և արդյունաբերողներից կազմված պատվիրակության՝ Արմավիրի մարզ կատարած այցելության ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի Թավրզի առևտրական պալատը և «Արաս ազատ տնտեսական գոտի»-ն իրենց ներկայացուցչությունը բացեն նաև Արմավիրի մարզում:
Իսկ ավելի վաղ ԻԻՀ Արևելյան Ազարբայջան նահանգի նահանգապետ Ալի Ռեզա Բեյգին Թավրիզում ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանի Արևելյան Ազարբայջան նահանգի և Հայաստանի Արմավիրի մարզի միջև համագործակցության հեռանկարներին, մասնավորապես նշել է. «Հաշվի առնելով Արմավիրի մարզում գյուղատնտեսության ոլորտում առկա հնարավորությունները և Արևելյան Ազարբայջանի գիտատեխնիկական բազան՝ շահագրգռված ենք մեր ներդրումներն ուղղել Հայաստան և գյուղատնտեսության ոլորտում ընդլայնել երկկողմ համագործակցությունը»:
Նախորդող տեղեկատվություն՝ Թավրիզի առևտրական պալատը Հայաստանում ներկայացուցչություն կունենա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին