ՀՀ ֆինանսների նախարար. Սոցիալական փաթեթից օգտվող շահառուների թիվն ավելացել է շուրջ 30 հազարով
Այս տարվանից հանրային ոլորտի աշխատակիցների համար նախատեսված սոցիալական փաթեթից օգտվողների շրջանակն ընլայնվել է: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ծրագրի շահառուների թիվն ընդլայնվել է շուրջ 30 հազարով` հասնելով 150 հազարի:
Ըստ նրա` իրական շահառուների շրջանակն ավելի մեծ է, քանի որ փաթեթով նախատեսված որոշակի ծառայություններից հնարավորություն ունեն օգտվել նաև նրանց անմիջական ընտանիքի անդամները՝ ամուսինը և մինչև 27 տարեկան նրանց հետ բնակվող զավակները:
Նախարարի խոսքերով` 2013թ-ից սոցիալական փաթեթ կհատկացվի նաև շահառու մարմինների տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցներին, Գիտության ազգային ակադեմիայի աշխատակազմի և նրան ենթական ՊՈԱԿ-ներում ընդգրկված աշխատակիցներին, ՀՀ-ում մշտապես բնակվող ԽՍՀՄ և ՀՀ ժողորդական պատվավոր կոչմանն արժանացած անձանց, ինչպես նաև` Կ.Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատողներին` բացառությամբ ղեկավար աշխատակազմի (տնօրեն, տնօրենի տեղակալներ): Առաջիկայում նախատեսվում է փաթեթում ընդգրկել ատոմակայանի աշխատակիցներին:
Վ.Գաբրիելյանը նշեց, որ ընդլայնվել է բազային փաթեթի մեջ ներառված հատուցվող դեպքերի շրջանակը, այդ թվում՝ սրտի հետ կապված առավել ծավալուն դեպքերի փոխհատուցումը (դեղապատ ստենտի, սրտի ռիթմը կարգավորող սարքերի, փականների պրոթեզների փոխհատուցում), ուռուցքաբանության ժամանակ կիրառվող վիրահատական բուժումը և սահմանափակ քանակությամբ ճառագայթային բուժումը և այլն:
«Սոցիալական փաթեթի շրջանակներում արդեն իսկ իրականացվել է 260 վիրահատություն: Սրտի հետ կապված բոլոր գործողություններն ընդգրկված են փաթեթում»,- ընդգծեց նախարարը:
Անդրադառնալով փոփոխություններին, Վ.Գաբրիելյանը նշեց, որ փոփոխություններ են կատարվել նաև Սոցիալական փաթեթի հատկացման գործընթացում: Այս տարի փաթեթը հատկացվելու է առևտրային բանկերի միջոցով, այսինքն` սոցիալական փաթեթի գումարը փոխանցվելու է աշխատողի հատուկ այդ նպատակով բացված սոցիալական փաթեթի հաշվին, որտեղից կարող են փոխանցումներ կատարվել միայն սոցփաթեթի նախանշված ուղղություններով:
Նա նաև տեղեկացրեց, որ ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարվանից սոցիալական փաթեթի գումարները կրում են կուտակային բնույթ: Սոցիալական փաթեթի գումարների կուտակված միջոցների վրա բանկերի կողմից առաջարկվում են նաև տոկոսադրույքներ:
Նշենք, որ 2012թ-ի հունվարից Հայաստանում առաջին անգամ ներդրվեց սոցիալական փաթեթ, ինչը հնարավորություն ընձեռեց շուրջ 120 հազար աշխատակիցների և նրանց անմիջական ընտանիքի անդամներին անկախ զբաղեցրած պաշտոնից և վարձատրության չափից հավասարաչափ օգտվել մի խումբ սոցիալական ծառայություններից: Յուրաքանչյուր աշխատակցին սոցիալական փաթեթով նախատեսված գումարը կազմում է ամսական 11 հազար դրամ, որը տարեկան կտրվածքով հավասար է 2012 թվականին տրամադրված սոցիալական փաթեթի գումարին (132,000 ՀՀ դրամ): Ինչպես նախկինում, այս տարի նույնպես առողջության ապահովագրության ծառայության համար սահմանված է բազային ծածկույթ 52 000 դրամի չափով:
Հանրային ոլորտի աշխատողները փաթեթից կարող են օտագտվել 4 ուղղություններով` բժշկական ապահովագրություն, հանգիստ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, ուսման վարձի վճարում և հիփոթեքային վարկի տոկոսադրույքի վճարում:
Նշենք, որ առողջության ապահովագրության ծառայությունը պարտադիր չէ զինվորականների, հաշմանդամների, աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված 36.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա