Մարտի 5-ին տեղի կունենա ԱԳՆ շենքի աճուրդը
Մարտի 5-ին աճուրդով կվաճառվի Կառավարության թիվ 2 մասնաշենքը` 14.2 հազ. քառ. մետր ընդհանուր մակերեսով: Ինչպես նշված է ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնական կայքում, աճուրդի մեկնարկային գինը՝ 51 մլն 270 հազար 840 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է: Աճուրդը կանցկացվի դասական (գնի ավելացման) եղանակով:
Ըստ ՊԳՎ-ի՝ եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդի հաղթած մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը: Աճուրդի հաղթողի հետ գույքի օտարման պայմանագիրը կկնքվի մինչև 2013 թվականի ապրիլի 30-ը:
Հիշեցնենք, որ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հայտարարել էր, որ աճուրդն իրականացվելու է շենքի վաճառքն ավելի թափանցիկ կազմակերպելու նպատակով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Կառավարության որոշմամբ Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարվել էր «Տանգո» ՓԲԸ-ին: Նշենք, որ «Տանգո» ընկերությունը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին:
Կառավարական թիվ 2 շենքում տեղակայված են ՀՀ արտաքին գործերի, տարածքային կառավարման, էներգետիկայի նախարարությունները: