Անասնաքանակը Հայաստանում աճել է, գները` նվազել
2013թ.-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 661 հազար անասնագլխաքանակ, որը 60 հազարով ավելի է, քան նախորդ տարի: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:
Ըստ բանախոսի` 675 հազար է կազմել այծերի և ոչխարների գլխաքանակը, որը նախորդ տարվա մակարդակը գերազանցել է 87 400-ով: Խոզաբուծության ոլորտում գրանցվել է 148 հազար գլուխ, որը 30 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:
«Անասնաբուծության ոլորտում դրական տեղաշարժերի արդյունքում ավելացել է նաև կենդանական ծագման սնունդը՝ մսեղիքը հասել է 130 հազար տոննայի, որը 3 հազար տոննայով ավելի է քան անցած տարի, 2012թ.-ին արտադրվել է 618 հազար տոննա կաթ, որը 17 հազար տոննայով ավելի է, քան նախորդ տարի, նաև արտադրվել է 685 մլն ձու, որը 24 մլն- ով ավելի էր քան 2011թ-ի ծավալները: Ընդհանուր առմամբ, Հայաստանում կենդանիների գլխաքանակն աճել է 110 տոկոսով»,- ասաց Աշոտ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` նման ցուցանիշներն արդեն ազդել են մսի գների վրա: Ըստ բանախոսի` ներկայումս խոզի մսի 1 կիլոգրամը էժանացել է 500 դրամով և տատանվում է 2200-2300 դրամի սահմաններում, իսկ գառան միսը` 3 հազարի:
Անդրադառնալով կաթնամթերքի ծավալին և գներին, վարչության պետը նկատեց, որ այստեղ մեծ է սեզոնային ազդեցությունը: «Մայիս -հունիս ամիսներին կաթի ծավալը հասնում է մինչև 70-80 հազար տոննա, իսկ դեկտեմբերից փետրվար ամիսներին իջնում է մինչև 18-19 հազար: Բնական է, որ դա ազդում է գնի վրա: Մայիսից կրկին կաթնամթերքի գնի նվազում կնկատվի», - ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա