«Արմավիա»-ի պատճառով թոշակառու ծնողները չեկան որդու գերեզմանին (տեսանյութ)
«Արմավիա»-ի սնանկացման պատճառով` մինչև ապրիլի 1-ը տոմսեր գնած քաղաքացիները հույսը դրել են պետական մարմինների վրա` պատրաստ լինելով դիմել նաև դատական ատյաններ: Այսօր ավիափոխադրողից տուժածներն իրենց բողոքն են արտահայտել ՀՀ կառավարության շենքի դիմաց, որտեղից նրանց վստահեցրել են, որ հարցն անպայման լուծում կստանա: Տոմսատերերն իրենց բողոքը ներկայացրեցին նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում:
Panorama.am-ի լրագրողին նրանք հայտնեցին, որ կրել են ոչ միայն ֆինանսական վնաս, այլ նաև բարոյական, ոտնահարվել են իրենց իրավունքները: Նրանք պատրաստակամություն հայտնեցին դիմել նույնիսկ ՀՀ նախագահին:
«Մեր բարեկամները Նովոսիբիրսկից երկկողմանի չվերթով 7 տոմս էին գնել: Երեկ դրամարկղից զանգել էին, ասել, որ «Արմավիան» փակվել է, իսկ տոմսերի փողը կվերադարձվի միայն Հայաստանում: Առավոտվանից փորձել ենք այստեղ գտնել «Արմավիայի» գոնե մի աշխատակից, բայց անհաջող` բոլոր գրասենյակները փակ են: Տոմսերի արժեքը 1 միլիոն երեք հարյուր հազար դրամ է: Թոշակառու մարդիկ էին, պետք է գային իրենց որդու գերեզմանին», - ասաց Արմինե Հովակիմյանը:
«Տոմսը գնել ենք մեկ շաբաթ առաջ` շուրջ 104 հազար դրամով: Մեզ պատասխանում են, որ տոմսի գումարը չեն կարող վերադարձնել», - ասաց Ռոզա Գյուլումյանը:
«Մենք գնել ենք Մոսկվա-Երևան-Մոսկվա տոմս` 13 հազար ռուբլի արժողությամբ: Ես Մոսկվայից Երևան եմ եկել մարտի 9-ին, մարտի 29-ին պետք է վերադառնայի: Մնացել այստեղ` սպասում եմ: Չգիտեմ, ինչ է լինելու, բայց ամեն տեղ դիմելու եմ, որովհետև մենք խուլիգանություն չենք արել` մեզ են խաբել: Կամ թող մեզ ճանապարհեն, կամ` տոմսերի փողը վերադարձնեն», - նշեց տոմսատերերից մեկը:
«Ես եկել եմ Մոսկվայից մարտի 15-ին և պետք է վերադառնայի մարտի 30-ին, բայց ինձ այդ օրը զանգեցին և ասեցին, որ ընկերությունը փակված է: Գնացի օդանավակայան` ինձ ասեցին, որ փակված է մարտի 29-ից: Բայց ամեն տեղ հայտարարվել է, թե փակվում է ապրիլի 1-ից», - ասաց Ռոմիկ Շահինյանը:
Նախորդող լուր` «Արմավիան»` օդից կախ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները