Հրանտ Բագրատյանը հաշվարկներ է կատարել ու եզրակացրել. Կարելի էր նույնիսկ գազի գին չբարձրացնել
Նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է հաշվարկներ գազի գնի թանկացման վերաբերյալ, եկել համոզման, որ կարելի էր նույնիսկ գազի գին չբարձրացնել, եթե Հայռուսգազարդը մենաշնորհ չլիներ և լիներ գազի մատակարարման ներհանրապետական կոնկուրենտ գին։
«Գազի գները նորից բարձրանում են։ Դժբախտաբար դեռևս թափանցիկ տեղեկատվություն չկա։ Մինչ այս նոր թանկացումը գներն այսպիսին էին՝ 180 դոլար (սա Գազպրոմին ենք վճարում) և 150 դոլար (սա էլ վճարում ենք Հայռուսգազարդին, որ գազը սահմանից հասցնի Հայաստանի ներսի սպառողին)։ Վերջնական գինը՝ 180 + 150 = 330 դոլար։ Եթե ուզում ենք եվրոպական գին ստանալ այս թիվն էլ պետք է բազմապատկել 1.27-ով (կալորիականության ստանդարտը տարբեր է)։ Հիմա հայտ է ներկայացվել նոր գնի՝ 530 դոլար (=221 հազ դրամի)։ Եվրոպական ստանդարտով՝ 673 դոլար։ Դատելով մամուլում եղած հրապարակումներից նոր գնի ֆորմուլան է՝ 270 + 260 = 530։ Ըստ նախագծի առաջարկվում է թանկացնել ինչպես Գազպրոմին վճարվելիքը (180-ից դառնում է 270), այնպես էլ Հայռուսգազարդին վճարվող մասը (150-ից դառնում է 260)։ Կրկնում եմ, սա ըստ մամուլի։
Պաշտոնական տեղեկատվություն չկա։ Հիմա, լավ ասենք ռուսները 90 դոլարով թանկացնում են սահմանի գինը։ Հայռուսգազարդն ի՞նչի է 110 դոլար էլ այդ 90-ի վրա ավելացնում։ Կարելի էր նույնիսկ գազի գին չբարձրացնել, եթե Հայռուսգազարդը մենաշնորհ չլիներ և լիներ գազի մատակարարման ներհանրապետական կոնկուրենտ գին։ Սրա հիմնական պատճառն այն է, որ Հայռուսգազարդի նախկին տնօրեն, նախկին քաղաքապետ Կ.Կարապետյանը 95%-ով գազաֆիկացրել է երկիրը։ Թվում է թե սա լավ է։ Բայց այդ գազաֆիկացված բնակավայրերի շուրջ կեսը գազ կամ չի օգտագործում կամ էլ օգտագործում է շատ քիչ։
Արդյունքում թանկանում է մատակարարման ինքնարժեքը։ Այս առումով յուրաքանչյուր նոր գազաֆիկացված գյուղ, որը վճարունակ չէ, բարդացնում է խնդիրը։ Հայռուսգազարդի ղեկավարին ի՞նչ (թե նախկին, թե ներկա)։ Նրանք ուրիշի հարսով փեսուն լավություն են անում։ Համ էլ միշտ էլ շահագրգռություն կա անըդհատ ինչ-որ բնակավայր գազաֆիկացնելու հարցում (այդ աշխատանքների կապալառուներն իրենցն են)։ Անհասկանալի է ՀՀ կառավարության պահվածքը՝ 30% սուբսիդավորելու մասով։ Գուցե կառավարությունը փորձեր վիճարկել գոնե այդ 110 դոլարով լրացուցիչ թանկացման հարցը։
Իսկ հիմա էներգետիկայի ռազմավարության մասին։ Անկախության առաջին իսկ տարիներից ՀՀ առաջին իշխանությունները մտածել են դիֆերսիֆիկացնել էներգետիկ ռիսկերը։ 1995-ին ձեր խոնարհ ծառայի նախաձեռնությամբ ստորագրվել և ապա կառուցվել է (ավելի ուշ) իրանական գազամուղը։ Չգիտես ինչու կառուցելիս Ռ.Քոչարյանը ընտրեց նեղ խողովակի տարբերակը ՝ 700 մմ։ Արդյունքում դրանով հնարավոր չէ բավարարել հանրապետության պահանջարկը։ Այնուամենայնիվ, ինչ-որ քանակություն դրանով կարելի է բերել և հավասարակշռել ռուսական գազի գինը։ Չգիտեմ թե ի՞նչու դա չի արվում։ Ասում են իրանական գազամուղը տրվել է Հայռուսգազարդի հաշվեկշռին։ Նախկին քաղաքապետ, Հայռուսգազարդի պետ Կ.Կարապետյանն իրեն չհասկացողի տեղ էր դնում և հայտարարում, թե դրա մեջ ի՞նչ կա որ։ Այ էսօրվա օրը կա։ Ինչևէ ես չգիտեմ, թե այս պահին ՀՀ-ն կարող է ինքնուրույն սուվերեն որոշումներ կայացնել Իրանից գազ բերելու ուղղությամբ»։
Նախորդող հրապարակում`
Վ. Խաչատրյան. Այսօր «Գազպրոմը» չի կարողանում մրցակցել աշխարհում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները