Կառավարությունը հաստատեց Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության հետևանքները վերացնելու միջոցառումների ծրագիրը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության հետևանքները վերացնելու միջոցառումների ծրագիրը: Ինչպես կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, երեկ ուշ երեկոյան փոխվարչապետի, գյուղատնտեսության նախարարի, կենտրոնական բանկի նախագահի գտնվել են Արմավիրի մարզում, որտեղ ամփոփել են վերջին 10 օրվա ընթացքում կատարված աշխատանքները:
«Իսկապես աննախադեպ կարկուտ է տեղի ունեցել մայիսի 12-ին, և բազմաթիվ տնտեսությունների համար դրանք ցավալի հետևանքեր են ունեցել»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքերով` շուրջ 17 հազար հա հողատարածություններին վնաս է հասցվել, ընդորում` 46 համայնքից 23-ում 100%-ով բերքին վնաս է հասցվել:
Տ.Սարգսյանը նշեց, որ խաղողի այգիների առումով գյուղացիները շուրջ երեք տարվա օժանդակություն են ստանալու, պտղատու այգիների մասով` 1-2 տարվա, իսկ բանջարանաբոստանային կուլտուրաները, ըստ վարչապետի, կարող են ավելի արագ վերականգնել:
«Հասկանալի է, որ մեր գյուղացիական տնտեսությունները ունենալու են ֆինանսական խնդիրներ իրենց պարտավորությունները կատարելու առումով` առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների , հարկային պարտավորությունների և ջրի վճարումների»,- ասաց Տ.Սարգսյանը:
Նրա խոսքերով` ծրագրով 22 համայնքերում, որոնցում կարկուտի հետևանքով 100%-ով վնաս է հասցվել, նախատեսվում է ամբողջությամբ հատուցել հողի գույքահարկի վճարումները, իսկ մնացած համայնքերում, որտեղ կորուստը կազմում է 30-50%, համայնքների ղեկավարների հետ պայմանավորվել են, որ ներկայացնեն ցուցակներ, և եթե այդ համայնքներում կորուստները 100 տոկոս են , ապա նրանց գույքահարկն էլ ամբողջությամբ կհատուցեն, իսկ 50%-ի դեպքում` կեսը: Ըստ վարչապետի` այս ամենի համար անհրաժեշտ է մոտ 200 մլն դրամ:
Տ.Սարգսյանը նշեց, որ գյուղացիները կազատվեն նաև ջրի վճարից: «Այստեղ ևս նույն սկզբունքն է. 100 տոկոս վնաս կրած գյուղացիական տնտեսությունները մեր կողմից հարյուր տոկոսանոց աջակցություն կստանան»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարկակարկտային կայաններին, ապա Տ.Սարգսյանը նշեց, որ կհատկացնեն 350 մլն դրամ` մարզում 50 նոր կայաններ ներդնելու համար, որը կլինի երկրորդ պաշտպանողական շերտը: Նրա խոսքերով` բոլոր հակակարկտային կայանները, այդ թվում` նրանք, որոնք համայնքային սեփականություն են, կփոխանցվեն ԱԻՆ-ի կողմից կառավարվող միասնական ցանցին:
«Հարկակարկտային կայանները իհարկե 100%-ով չեն երաշխավորում ռիսկերը, բայց 60%-ով արդյունավետ են: Եթե մենք գյուղացիներին օգնում ենք, որպեսզի նրանք ոտքի կանգնեն, ապա անհրաժեշտ է, որպեսզի նրանք վստահ լինեն, որ ապագայում պաշտպանված կլինեն կարկտահարությունից»,- ասաց վարչապետը:
Հաջորդ հարցը վերաբերում է վարկային պարտավորություններին: Տ.Սարգսյանը նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տոկոսադրույքներն ու դոլարային վարկերը դառնալու են դրամային վարկեր, տոկոսադրույքների հետ կապված ամեն մեկի հետ առանձին աշխատանք է տարվելու, որպեսզի մեխանիզմներ մշակվեն դրանց նվազեցման և մարման հետաձգման կարգի վերաբերյալ: «Բոլոր տնտեսությունների հետ լինելու է անհատական մոտեցում»,- ասաց նա:
Տ.Սարգսյանը նաև հայտնեց,, որ Արմավիրի մարզից ընտրված պատգամավորների նախաձեռնությամբ կբացվի հիմնադրամ և մասնավոր անձինք գումարներ կփոխանցեն, որպեսզի առավել անապահով տնտեսություններին նաև ֆինանսական օգնություն ցուցաբերեն: Կառավարության անդամները ևս իրենց մասնակցությունը կունենան հիմնադրամի հավաքագրումներին:
Ինչ վերաբերում է սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնց վիճակը աղետալի կարկուտից հետո վատացել է, ապա նրանց ֆինանսական օժանդակություն կցուցաբերվի: «Այն ընտանիքները, որոնք համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված չափանիշներին, պետք է ստանան սոցիալական օժանդակություն»,- ասաց Տ.Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները