«Օդանավակայանի ապահովագրությունը պետք է փոխհատուցի վնասված մեքենաների համար»
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքներն ու շենք-շինություները ապահովագրված են «Ռոսգոստրախ» ընկերության կողմից և այս պահին ընկերության աշխատակիցները ճշտում են վնասի չափը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ այսօր քամին պոկել է օդանավակայանի նախկին «VIP» սրահի տանիքը և նետել ավտոմեքենաների վրա. վնասվել է մոտ 30 ավտոմեքենա:
Գ.Աբրահամյանն ասաց, որ օդանավակայանն ունի համապարփակ պատասխանատվությամբ ապահովագրություն «Ռոսգոստրախ»-ի հետ, ինչը նշանակում է, որ վնասները ենթակա են փոխհատուցման: «Հիմա ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրում են հասցված վնասի չափը»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է վնասված մեքենաներին, ապա Գ. Աբրահամյանն ասաց, որ եթե դրանք վնասվել են օդանավակայանի տարածքում, ապա օդանավակայանի ապահովագրությունը պետք է փոխհատուցի վնասված մեքենաների համար:
«Ռոսգոստրախ» ընկերության մամլո քարտուղար Էմմա Մոժարովան էլ հայտնեց, որ դեռ հստակ տեղեկություն չունեն, թե որքան է կազմում վնասի չափը: «Մեր աշխատակիցները դեռ աշխատում են դեպքի վայրում: Նորությունների մասին ավելի ուշ կտեղեկացնենք»,- ասաց նա: