Նախարարը հաստատում է` ՀՀ կառավարության 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ»-ին հանձնելու շուրջ բանակցություններ կան (video)
Այսօր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ բանակցություններ են ընթանում` Հայաստանի կառավարության «ՀայՌուսգազարդ»-ում ունեցած 20 տոկոս բաժնեմասը ռուսական «Գազպրոմ»-ին հանձնելու շուրջ:
«Որևիցե գործարք կատարված չէ, այս պահին բանակցություններ են ընթանում, բանակցությունների սեղանին դրված է 20 տոկոս բաժնետոմս տալ-չտալու հարցը, բայց բանակցությունների սեղանին դրված է ոչ միայն այդ հարցը, կան նաև այլ հարցեր»,-հայտարարեց Արմեն Մովսիսյանը` տեղեկացնելով, որ մինչև այս ամսվա վերջ բանակցությունները կավարտվեն:
Հարցին, թե ի՞նչ իմաստ ունի 20 տոկոսը հանձնել «Գազպրոմ»-ին, եթե հետո էլ ոչինչ չենք ունենալու, և ռուսական կողմը այդ դեպքում կարող է ցանկացած գին թելադրել, նախարար Մովսիսյանը պատասխանեց. «Խնդիրն այդպես չի դրված, որ ինչ ուզենան, անեն: Բանակցությունները հենց դրա համար են գնում, որ ինչ ուզեն, այն չանեն, այլ որպեսզի երկարատև ժամանակաշրջանի համար ավելի ապահոված գազամատակարարում մենք ունենանք»:
Նշենք, որ ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Մոսկվայում քննարկել են «Գազպրոմ»-ի մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ավելացնելու մասին՝ 80%-ից հասցնելով 100%-ի։ 20%-ը պատկանում է Հայաստանի կառավարությանը։