ԱՄՆ դեսպանը հիշել է սիլիկոնյան հովտում ՏՏ ոլորտի գործարարներից ստացած դասերը
«ԴիջիԹեք Բիզնես ֆորումը» ցույց է տալիս Հայաստանի հաջողությունները, ուժը և կարողությունները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Այս մասին այսօր ամենամյա 6-րդ «ԴիջիԹեք Բիզնես ֆորումի» բացման ժամանակ ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Դեսպանի խոսքերով` Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման հարցում դերակատարում ունի նաև ԱՄՆ-ը: Ըստ նրա` Սիլիկոնային հովտում անցած տարի տեսել է, թե ինչպես են ամերիկյան կազմակերպությունները սերտորեն աշխատում հայ գործընկերների հետ:
Դեսպանը նշեց, որ ՀՀ վարչապետի հետ նախորդ տարի Սիլիկոնյան հովտում մասնակցել են «ԱրմԹեքի» աշխատանքներին: «Դասերից մեկը, որ ես քաղեցի սիլիկոնային հովտում գտնվելու ժամանակ այն էր, որ վարչապետը նշեց, թե ինչպես է սիլիկոնային հովիտը մոդել հանդիսանում այն ամենի համար, ինչ Հայաստանը փորձում է անել: Հիմնական դասերից մեկը, որ ես լսեցի ՏՏ ընկերություններից վերաբերում էր կառավարության դերակատարմանը, բուհերի դերակատարմանը` մասնագետների ուսուցման հարցում: Երկրորդ, նրանք ուզում են, որ ՏՏ ոլորտում կառավարությունը հեռու մնա, ցանկանում են աշխատել գործընկերների հետ և կառավարությունը չհայտնվի իրենց ճանապարհին: Եւ կարևոր ուղերձ է, որ Հայաստանում ձևավորվի այդ միջավայրը, որը թույլ է տալիս փոքր ու միջին ձեռնարկություններին, սթարթափ (սկսնակ) ընկերություններին ոչ միայն սկսել, այլև նաև աշխատել: Սա կարևոր ուղերձ էր, որ անցած տարի Արմթեք համաժողովում մենք լսեցինք»,- ասաց դեսպանը:
Ջոն Հեֆերնը խոսքերով` այս համաժողովի նպատակն է, որպեսզի փոխկապակցվեն ՏՏ ընկերությունների և տնտեսության մյուս ճյուղերի ջանքերը: «ՏՏ ոլորտը լավ աշխատանք է կատարում և նրանց անհրաժեշտ է սպառողներ և արդյունաբերողների, գործարարների ներկայությունը այստեղ կարևոր է: ՏՏ ոլորտի արտադրանքի 40 %-ն արդեն իրացվում է Հայաստանում և տնտեսության մյուս ճյուղերի հետ կապվածության և էլեկտրոնային կառավարման առումով շատ լավ ցուցանիշ է»,- ասաց Ջ. Հեֆերնը:
Դեսպանը նշեց նաև, որ ֆորումի շրջանակներում տեղի է ունենալու ՏՏ ոլորտում Սինգապուրի փորձի մասին շնորհանդես և ներկաներին խորհուրդ տվեց ուսումնասիրել Սինգապուրի փորձը: «Սինգապուրը Հայաստանի համար լավ օրինակ է և կարևոր է, որ ֆորում ներառված է Սինգապուրի փորձի վերաբերյալ պրեզենտացիան»,- ասաց նա:
Անդրադառնալով մտավոր սեփականության իրավունքի հարցերին, Ջ. Հեֆերնը նշեց, որ ՏՏ-ի ոլորտը Հայաստանի ամենանորարար և ամենաստեղծարար ոլորտն է, և շատ կարևոր է տնտեսության այս ստեղծարար ճյուղերում գիտակցվի, խթանվի մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, ստանդարտների, օրենքների կատարումը: