Ազգային բյուջետային խումբ. Մինչև 2021թ. Ադրբեջանի նավթարդյունաբերության ծավալը կնվազի ավելի քան 3 անգամ
Ադրբեջանի նավթարդյունաբերության ծավալը նվազելու է տարեց տարի և 2029թ. կազմելու է 25 միլիոն բարել: Ընդ որում` հանրապետությունում արդյունաբերության գագաթնակետը գրանցվել է 2010թ, երբ արտադրվել է 450 միլիոն բարել: Այդ ժամանակից ի վեր արտադրության ծավալը գնալով նվազում է: Այդ մասին, ինչպես հայտնում է «ՖակտԽեբեր» պորտալը, նշվում է Ադրբեջանի Ազգային բյուջետային խմբի պատրաստած զեկույցում:
Ազգային բյուջետային խմբի տրամադրած աղյուսակի համաձայն` Ադրբեջանի նավթարդյունաբերությունը 2015թ.-ին կնվազի 360 միլիոն բարելից հասնելով մինչև 250 միլիոնի: Այնուհետև, նավթարդյունաբերության ծավալը կշարունակի կրճատվել. 2018թ.` 175 միլիոն բարել, 2021թ.` 100 միլիոն բարել և 2029թ.` 25 միլիոն բարել: Այսինքն` Ադրբեջանի նավթարդյունաբերության ծավալը 2021թ. կկրճատվի ավելի քան 3 անգամ:
Նյութում նշվում է, որ Ադրբեջանում նավթից ստացվող եկամուտները 2009թ.-ին կնվազեն` հասնելով մինչև 2003թ.-ի ցուցանշին: Նշվում է նաև, որ «Բրիթիշ Փեթրոլիում»-ը նավթից ստացվող եկամուտների գագաթնակետ էր կանխատեսել մինչև 2011թ:
«Այդ կանխատեսումներն արդարացվեցին: Սակայն հաշվի առնելով Ադրբեջանի պետական ամենամյա ծախսերի չափից ավելի աճը` դժվար չէ կանխագուշակել երկրի ճակատագիրը 2029թ-ին: Հետաքրքիր է, թե Ադրբեջանի կառավարությունը, որը նավթային եկամուտների հաշվին մեծացնում է հիմնական և ընթացիկ ծախսերը, ի՞նչ միջոցներով է ապահովելու այդ ծախսերը 2029թ-ին: Հարկավոր է նաև հաշվի առնել այն փաստը, որ նավթարդյունաբերության սեկտորի զարգացման մակարդակը երկրում ստիպում է միայն լավագույնը հուսալ», - նշված է հոդվածում:
Հիշեցնենք, որ 2011 թվականից ի վեր Ադրբեջանում կրճատվում է նավթարդյունաբերության ծավալը: Եթե 2010թ.-ին հանրապետությունում արտադրվել է 50,8 միլիոն տոննա նավթ, ապա 2011թ.-ին նավթարդյունաբերության ծավալը նվազել է 10.8%-ով մինչև 45,4 միլիոն տոննա: 2012թ.-ին նավթարդյունաբերության ծավալը նվազել է արդեն 5,3%-ով մինչև 43 միլիոն տոննա: 2013թ.-ին վեց ամսվա ընթացքում Ադրբեջանի նավթարդյունաբերությունը կրճատվել է 1,6%-ով:
Նավթարդյունաբերության ծավալի կրճատման պայմաններում աճում է Ադրբեջանի տնտեսության և բյուջեի կախվածությունը նավթային սեկտորից: Ադրբեջանի պետական նավթային ֆոնդի տրանսֆերտի բաժինը Ադրբեջանի պետբյուջեի եկամուտներում 2007 թվականից աճում է, մինչդեռ նշված ֆոնդի տրանսֆերտը պետբյուջեի եկամուտներից կազմում էր 9%, իսկ 2013թ.-ին պլանավորված տրանսֆերտն արդեն կկազմի պետբյուջեի եկամտի 59,3%-ը: Ընդհանուր առմամբ, 2013թ.ին Ադրբեջանի պետբյուջեի եկամուտը տնտեսության նավթային սեկտորից կկազմի ընդհանուր եկամտի արդեն 79%-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին