Երևանում բացվեց միջազգային «ԴիջիԹեք Էքսպո» ցուցահանդեսը
Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր բացվեց 9-րդ ամենամյա միջազգային «ԴիջիԹեք էքսպո» տեխնոլոգիական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը շրջեց ցուցահանդեսի տաղավարներով, զրուցեց մասնակիցների հետ, ծանոթացավ ընկերությունների ներկայացրած նորամուծությունների հետ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, պաշտոնատար անձիք, օտարերկրյա առաքելությունների ղեկավարներ:
Ցուցահանդեսի բացմանը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ տարեցտարի ավելանում են ԴիջիԹեքի մասնակիցների թիվը, ինչպես նաև միջազգային խոշոր ընկերությունների մոտ աստիճանաբար աճում է հետաքրքրությունը ԴիջիԹեքի նկատմամբ:
«ԴիջիԹեքը ցույց է տալիս, որ Հայաստանի համար հնարավոր է բարձր տեխնոլոգիական ապագան: Այն երիտասարդները, որոնք գալիս են ԴիջիԹեք, կարծում են, որ իրենց աշխարհընկալումը փոխվում է և նրանք հասկանում են, որ մնալով Հայաստանում պատրաստ են նոր լուծումներ առաջարկել ամբողջ աշխարհին»,- ասաց Կ.Վարդանյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի խոսքերով` վերջին տարիներին ՏՏ ոլորտում էական աճ է արձանագրվում և դա ապացուցում է, որ Հայաստանում գործարար միջավայրի բարելավման պայմաններում ստեղծարար միտքը կարող է իրեն դրսևորել: «Դա մենք տեսնում ենք հենց Դիջիթեքում»,- ասաց նախարարը:
Ըստ նրա` ուրախալի փաստ է, որ ցուցահանդեսին մասնակցում են նորաստեղծ ընկերություններ, որոնց թիվը տարեցտարի ավելանում է: «Ուրախալի է, որ մենք այսօր կարող ենք տեսնել դպրոցահասակ երեխաների, որոնք իրենց առաջին քայլերն են անում ռոբոտաշինության բնագավառում: Մենք համոզված ենք, որ նրանք են լինելու այս ոլորտի ապագան, և համալրելու են հեռանկարային ոլորտներից մեկի բազմահազարանոց մասնագետների բանակը»,- նշեց Վ.Ավանեսյանը:
Նախարարը ընդգծեց նաև, որ ոլորտում վերջին տարիներին ՏՏ ոլորտում տարեկան գրանցվում է 20% աճ, այս տարի ականկալվում է, որ աճը կկազմի 22%, ինչպես նաև կստեղծվի 700-1000 նոր աշխատատեղ:
Նշենք, որ «ԴիջիԹեք 2013» ցուցահանդեսին մասնակցում են տեղական, կանադական, սինգապուրյան, ռուսական և ամերիկյան 120 կազմակերպություն: Ցուցահանդեսն այս տարի ներկայանում է առավել մեծ ծավալով և նոր ձևաչափով: Առաջին հարկում ինժեներական ոլորտը ներկայացնում են շուրջ 30 ընկերություններ և կազմակերպություններ, իսկ երկրորդ հարկում առանձնացված են ծրագրային ու համացանցային լուծումներ առաջարկող, հեռահաղորդակցության, կրթության ոլորտները ներկայացնող ընկերությունները, սիստեմային ինտեգրատորներն ու սարքավորումների մատակարարները:
Ցուցահանդեսին սպասվում է 26 հազար այցելու՝ նախորդ տարվա 24 հազարի համեմատ: