Հիմնադրվել է Արտահանման ապահովագրական կազմակերպություն
Հայաստանում հիմնադրվում է Արտահանման ապահովագրական կազմակերպություն: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նիստում նշեց, որ ընկերության ընդհանուր կապիտալը կազմում 1 մլրդ 950 մլն դրամ, որից կանոնադրական կապիտալը` 1,5 մլրդ դրամ: Ընկերության ձայները հավասար իրավունքով կառավարելու են էկոնոմիկայի, ֆինանսների, արտաքին գործերի, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները:
Վ.Ավանեսյանի խոսքերով` բանակցություններ են վարվում Համաշխարհային բանկի հետ, որպեսզի 2014 թվականից կառույցը սկսի գործել:
Կառավարության հիմնավորման համաձայն` Արտահանման ապահովագրական կազմակերպության հիմնադրումը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությանը, ինչպես նաև պայմանավորված է միջազգային շուկաներ մուտք գործող ընկերություններին աջակցելու նոր գործիքների մշակման և ՀՀ կառավարության արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարության իրագործմանը նպաստելու անհրաժեշտությամբ: Հայաստանում արտահանման ֆինանսավորման նոր գործիքների և մոտեցումների որդեգրումը պահանջում է արտահանման վարկավորման ապահովագրության ներդնում: Որպես արտահանում իրականացնող ընկերությունների աջակցման նոր գործիք` ԱԱԿ-ի հիմնական գործառույթն արտահանման վարկերի ապահովագրման տրամադրումն է:
ԱԱԿ-ի առաջնային նպատակներից են ապահովագրել արտահանողին կամ արտահանողին ֆինանսավորող բանկին վարկառուի/փոխառուի/գնորդի չվճարման ռիսկերից, ստեղծել բանկերի համար ապահովման նոր միջոցներ, իջեցնել արտահանման ֆինանսավորման տոկոսադրույքները և ընդլայնել բանկերի համար արտահանման ֆինանսավորման ծածկույթը:
Ընկերությունը ստանձնում է արտահանման հետ կապված այնպիսի ռիսկեր, որոնք ներկայումս հնարավոր չէ ապահովագրել ՀՀ ապահովագրական շուկայում, մասնավորապես գնորդի սնանկության կամ վճարումից ինքնակամ հրաժարվելու (առևտրային ռիսկեր), արտահանման նպատակային երկրում քաղաքական, պատերազմական իրավիճակով կամ բնական աղետներով պայմանավորված (քաղաքական/երկրի ռիսկեր)` գնորդի չվճարման հետևանքով արտահանողի կրած ֆինանսական վնասների ռիսկեր: