Վրաստանը Հայաստանից ներկրվող կարտոֆիլը վարակված է համարում. Բախչագուլյանը խնդիրը տեղում հասկանալու համար կմեկնի Վրաստան
Վրաստանը Հայաստանին վերադարձնելու է ավելի քան 470 հազար կգ վարակված կարտոֆիլ: Այս մասին գրում է «Ագրեգատոր» ինտերնետային կայքէջը, ապա վկայակոչելով Վրաստանի եկամուտների նախարարության լրատվական ծառայությանը, հայտնում` Սադախլո անցակետում հայտնաբերվել է, որ կարտոֆիլը վարակված է եղել փտախտով ու քաղցկեղով:
Ըստ լրատվամիջոցի, կարտոֆիլի նմուշներն ուղարկվել են հատուկ լաբորատորիա, հետազոտության արդյունքում պարզվել է, որ 114 500 կգ կարտոֆիլ վարակված է եղել, իսկ մնացածն ուսումանասիրության փուլում է:
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը, Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանելով հրապարակված տվյալները, հայտնեց, որ այդ տվյալներն իրականությանը չեն համապատասխանում:
«Վրացական կողմը չի արել համապատասխան լաբորատոր փորձաքննություն»,-ասաց նա:
Վրաստանի կողմից սա վերջին մեկ տարվա ընթացքում նմանատիպ երկրորդ դեպքն է:
«Հասկանալու համար, թե ինչ է կատարվում, որն է խնդիրը, երեքշաբթի մեր ծառայության պետը մեկնում է Վրաստան, ակնկալվում է հանդիպում նրանց համապատասխան կառույցի հետ, որպեսզի տեղում քննարկվի խնդիրը»,-ասաց Ա. Սուքիասյանը:
Նրա խոսքով, բեռը Հայաստանում սահմանային հսկողության է ենթարկվել, վտանգավոր օրգանիզմներ կարտոֆիլի մեջ չեն հայտնաբերվել: