Արցախի վարչապետը կոչ է արել ֆինանսական միջոցներն օգտագործել խնայողաբար
2014 թվականի հունվարի 1-ից ԼՂՀ կառավարությունը նախատեսում է բարձրացնել պետական բյուջեից վճարվող կենսաթոշակների չափերը: ԼՂՀ կառավարությա տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, հիմնական կենսաթոշակը 2014 թվականի պետական բյուջեում ծրագրվել է 14000 դրամի չափով, որը 7.7 տոկոսով բարձր է 2013 թվականի մակարդակից (13000 դրամ): Սոցիալական միջին ամսական կենսաթոշակը կկազմի 18300 դրամ` 2013 թվականի 17200 դրամի դիմաց, իսկ աշխատանքային կենսաթոշակի միջինը` 37800 դրամ` 2013 թվականին ծրագրված 32700 դրամի փոխարեն:
Արցախի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում քննարկման է դրվել «ԼՂՀ 2014թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը ընդգծել է, որ նախագիծը մշակելիս առաջնորդվել են նախագահի նախընտրական, 2012-17թթ կառավարության գործունեության, ինչպես նաև 2014- 2016թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերով ամրագրված սկզբունքներով: 2014թ. համախառն ներքին արդյունքի ծավալը կանխատեսվում է 189,1 մլրդ դրամի չափով` ապահովելով 9 տոկոս իրական աճ:
Կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում 2014թ. բյուջեն եկամուտների գծով կկազմի մոտ 77 մլրդ 138 մլն, իսկ ծախսերի գծով` 80 մլրդ 660 մլն, դեֆիցիտը կկազմի 3 մլրդ 522 մլն դրամ: Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ-ին հատկացվող միջպետական վարկը 2014թ. կկազմի մոտ 44 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 11 տոկոսով:
Ներկայացնելով այն կարևոր խնդիրները, որոնց լուծմանն է միտված 2014թ. պետական բյուջեն, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը նշել է, որ նպատակ է դրված ապահովել նախորդ տարիների ձեռքբերումների շարունակական զարգացումը, նաև նախադրյալներ ստեղծել տնտեսական, սոցիալական և կառավարման համակարգերի իրատեսական բարեփոխումների համար:
Հաշվի առնելով աշխատավարձերի արմատական բարձրացումը, վարչապետ Ա. Հարությունյանը նշել է, որ առաջիկա տարիներին այլ խոշոր ծրագրեր պետական ֆինանսավորում չեն ստանա և կոչ արեց ֆինանսական միջոցներն օգտագործել հնարավորինս խնայողաբար:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա