Տիգրան Սարգսյան. 2014 թ.-ից կուտակային կենսաթոշակային համակարգը կգործարկվի
«Կենսաթոշակային կուտակային համակարգը մշակվել է տասը տարվա ընթացքում, Հայաստան են եկել լավագույն էքսպերտները, ովքեր դասախոսություններ են կարդացել: Արդյունքում ընդունվել է այս հայեցակարգը»,-այսօր Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով կուտակային համակարգի վերաբերյալ ՏՏ ոլորտի մասնագետների հայտնած դժգոհություններին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքերով, իրենք վճռական են ռեֆորմները տրամաբանական ավարտին հասցնելու հարցում:
«Կան մարդիկ, որ չեն ընդունում այս համակարգը, մենք հարգում ենք նրանց տեսակետը, բայց պարտավոր ենք առաջ գնալ` օրենքի պահանջներին համապատասխան»,-նշեց կառավարության ղեկավարը:
Տ.Սարգսյանը նշեց, որ ռեֆորմներից սա առաջին դժգոհությունը չէ և հիշեցրեց, թե ինչպես էին մարդիկ բողոքում, երբ ներդրվում էր ԱՊՊԱ համակարգը:
ՀՀ վարչապետը հավելեց, որ կառավարության նիստի օրերին լսում են սպառնալիքներ, ուշադրությամբ հետևում են և հաշվարկում են բողոքողների տեսակարար կշիռը, իրական պրոբլեմները որոնք են և իրենք բոլոր սպառնալիքներին արձագանքում են: